Որտեղ են ամենից շատ աշխատում մարդիկ


Եթե մասնագիտական տքնանքները փոխհատուցվում են աշխատանքային առաջընթացով, ապա աշխատանքային գերհոգնածությունը, որպես կանոն, ավարտվում է առողջության կորստով, երբեմն` ողբերգությամբ: Դիցուք, սակավադեպ չեն Ճապոնիայից ստացվող տագնապալի հաղորդագրությունները: Ոչ պաշտոնական տվյալներով` այս երկրում աշխատամոլության հետևանքով մահացության դեպքերն իրենց քանակով կարելի է համեմատել ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի քանակի հետ: Այստեղ գրեթե չի զարմացնում այն փաստը, որ աշխատակիցն իր աշխատաժամանակից բացի ամսական 100 ժամ լրացուցիչ աշխատանք է կատարում:

Այսուհանդերձ, Ճապոնիան ընդգրկված չէ ամենաշատ աշխատանքային ժամեր ունեցող երկրների առաջին տասնյակում: Մինչդեռ Ռուսաստանն այդ ցանկում 6-րդն է` Չիլիից և Հունաստանից հետո:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) վերլուծել է անդամ-երկրների աշխատանքային զբաղվածության տվյալները և դասակարգել է մեկ աշխատակցին բաժին հասնող միջին աշխատաժամանակը: Ըստ այդմ` ամենաշատ աշխատող բնակիչներ ունեցող երկրների ցանկը գլխավորում է Մեքսիկան (2246 ժամ` տարեկան): Նրան հաջորդում են` Կոստա-Ռիկան (2230 ժամ), Հարավային Կորեան (2113 ժամ), Հունաստանը (2024 ժամ) և Չիլին (1988 ժամ):

Վեցերորդ հորիզոնականում հայտնված Ռուսաստանից (1978 ժամ) հետո ցանկը շարունակում են Լեհաստանը, Լատվիան, Իսլանդիան ու Պորտուգալիան:

Ինչ վերաբերում է Ճապոնիային, ապա այստեղ մարդիկ իրենց կյանքից տարեկան աշխատանքին նվիրում են 1718 ժամ: Իսկ աշխատամոլությունն ամենաքիչը Գերմանիայում է, Ֆրանսիայում, Բելգիայում, Հունգարիայում, Լյուքսենբուրգում և Նիդեռլանդներում:

Հայաստանն, իհարկե, այս ցանկում չկա և չէր էլ կարող լինել. աշխատանք չունեցող հայաստանաբնակները ո՞նց կարող էին աշխատամոլ լինել: