Մամուլի թշնամիները` Պուտին, Էրդողան և ԻՊ


«Լրագրողներ առանց սահմանի» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ազատ մամուլի գլխավոր հակառակորդների ցանկը: Դրանում ներառված են պետությունների ու կառավարությունների 35 ղեկավարներ, ծայրահեղական և հանցավոր խմբավորումներ, որոնք ԶԼՄ-ների ազատությունը ճնշում են գրաքննությամբ, ձերբակալություններով, խոշտանգումներով և սպանություններով:

Կազմակերպության թվարկումներում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Սիրիայում նրա դրածո Բախար Ասադը, թուրք առաջնորդ Ռեջեփ Թաիբ Էրդողանը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն, ԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ինը, «Իսլամական Պետություն» ահաբեկչական ցանցը, ինչպես նաև հետխորհրդային Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի ու Թուրքմենիայի առաջնորդները:

Հետաքրքրական է, որ ինչպես նշել է գերմանական Deutsche Welle-ն`

- Ռուսաստանը բոլոր երկրներից միակն է, որ այս անգամ ներկայացվել է երկու անձով: Վլ. Պուտինից բացի ցանկում առկա է նաև չեչենական առաջնորդ Ռամզան Կադիրովի անունը: Կազմակերպության իրավապաշտպանները Պուտինին անվանում են «հավակնոտ ազգայնական» առաջնորդ, Կադիրովին` «դաժան ինքնակոչ»:

«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության բնութագրմամբ` Թուրքիան օրինակ է վերցնում Ռուսաստանից:

Ցանկում ընդգրկված են և աֆղանստանցի թալիբները, մեքսիկական Լոս-Սեթաս նարկոկարտելը, Սուդանի ղեկավար Օմար ալ-Բաշիրը, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը և այլն:

ԼԱՍ-ը նշել է, որ իրենց խնդիրը լրագրողներին խանգարողներին թվարկելը չէ, և իրենց կազմած ցուցակով մերկացվում են «շարունակաբար անպատիժ գործողների» առավել ակնառու օրինակները: Կազմակերպությունը ՄԱԿ-ին հուշում է հատուկ լիազորություններով պաշտոն ավելացնել` լրագրողների պաշտպանության նպատակով: Իսկ ՄԱԿ-ում էլ հայտարարել են, որ վերջին տասնամյակում աշխարհում ավելի քան 700 լրագրող է զոհվել (LigΖ.Novosti):