Ընդդեմ տնային հանձնարարությունների


Իսպանիայում ծնողական կոմիտեների դաշինքը դեմ է` աշակերտներին տնային աշխատանքներով ծանրաբեռնելուն

Դաշինքը, որում ընդգրկված են երկրի 12 հազար դպրոցների ծնողկոմիտեներ, ծնողներին կոչ է արել ընդվզել չափից ավելի մեծ ծավալով տնային հանձնարարութ յունների դեմ և նոյեմբեր ամսին բոյկոտել հանգստյան օրերին ուսուցիչների հանձնարարությունները տանը կատարել: Միաժամանակ նրանք ծնողներին հորդորում են ավելի շատ ժամանակ հատկացնել երեխաներին:

Կազմակերպության անդամները գտնում են, որ Իսպանիայում կրթական համակարգը հնացել է, իսկ դպրոցներում չափազանց շատ են հույսը դնում մեխանիկորեն, հաճախ առանց ընկալելու անգիր անելու վրա` երեխաներին վերլուծել, ամենակարևորն ընտրել սովորեցնելու փոխարեն: Հավելումն` անտեսվում է երեխաների հանգստի անհրաժեշտությունը:

Այս պահանջը հիմնավորող թվերը, սակայն, առանձնապես մեծ ծանրաբեռնվածություն չեն հուշում. իսպանացի երեխաները շաբաթական 6,5 ժամ են ծախսում` տանը դպրոցական հանձնարարությունները կատարելու համար: Սակայն պարզվում է, որ դա 1,5 ժամով ավելի է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակեր պության անդամ 38 երկրներում նախատեսված դասապատրաստման ժամանակից: Եվ տարօրինակն այն է, որ նրանց համեմատությամբ իսպանացի դպրոցականների առաջադիմությունը ցածր է. հատկապես մաթեմատիկայից, ընթերցանությունից և բնական գիտություններից:

Ի ԴԵՊ. դպրոցականների ծանրաբեռնվածության վարկանիշային ցանկը գլխավորում է Շանհայը, որտեղ երեխաները տնային հանձնարարությունների կատարմանը հատկացնում են շաբաթական 13,8 ժամ: Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանն է` 9,7 ժամ:

Գիտելիքների մակարդակով ամենալավ արդյունքներն ավանդաբար գրանցում են Ֆինլանդիան և Հարավային Կորեան. այս երկրներում աշակերտները շաբաթական 3 ժամից էլ քիչ են ծախսում` տնային հանձնարարությունները կատարելու:

Հետաքրքիր մեկ այլ նրբանկատություն է հանդես բերել Ուկրաինայի կրթության նախարարությունը` արգելելով բարձրաձայնել աշակերտների գնահատականները: Նաև գնահատականներ չեն նշանակվում և տնային հանձնարարություններ չեն տրվում առաջին դասարանցիներին, իսկ ֆիզկուլտուրայից գնահատական չի նշանակվում բոլոր դասարաններում (korresΘondent.net):