ԴԱԼԼԵՍԻ ՊԼԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Պետությունը ներսից հենց երկրի քաղաքացիների միջոցով քայքայելու ռազմավարությունը Ալլեն Ուելշ Դալլեսի ղեկավարությամբ մշակվել է դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: ԱՄՆ¬ի հետախուզության ռազմավարական ծառայության, ապա ԿՀՎ-ի ղեկավարի հեղինակած «Դալլեսի պլանում» մասնավորապես ասված է. - Մենք մեր ողջ ունեցվածքն ու հզորությունները կտրամադրենք մարդկանց հիմարեցնելու ու մտածելու ընդունակությունից զրկելու գործին: Մարդու ուղեղը, գիտակցությունը փոխվելու հատկություն ունի: Ուղեղներում քաոս սերմանելով, մենք աննկատ նրանց արժեքները կփոխարինենք կեղծ արժեքներով և կստիպենք հավատալ այդ կեղծիքին: Ինչպե՞ս: Մենք այդ երկրների քաղաքացիների մեջ կգտնենք մեր համախոհներին ու դաշնակիցներին: Ազգը, ժողովուրդը գաղափարականորեն այլասերելու այս ծրագիրը մեր երկրում իրագործողների բացահայտ համախոհն ու դաշնակիցը ՀԱԿ-ն է` Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ: Այս քաղաքական հոսանքն իր գոյության անցած երեք տարիների ընթացքում արդեն բոլոր հնարավոր ու անհնարին մեղադրանքները ներկայացրել է` մեր երկիրն ու իշխանություններին վարկաբեկելու համար: Բայցևայնպես, որքան անհիմն ու հնարածին մեղադրանքներն ահագնանում են, այնքան ՀԱԿ-ի մատնանշած «ավազակապետությունն» առավել վստահելի գործընկեր է դառնում միջազգային հանրության համար: Չավարտված պատերազմի ու շրջափակման պայմաններում ապրող Հայաստանը, ի տարբերություն տարածաշրջանային օբյեկտի կարգավիճակում գոյատևող հյուսիսային ու արևելյան անմիջական հարևանների, այսօր աշխարհաքաղաքական սուբյեկտ է` ուժային բոլոր կենտրոնների հետ հարաբերություններում: Ռուսաստանի Դաշնության համար մեր երկիրը եզակի ռազմավարական գործընկեր է, և այս հիմքի վրա համագործակցությունը ներառում է պետությունների կենսագործունեության բոլոր ոլորտները: Հայաստանը Կովկասի ու Միջին Արևելքի միակ երկիրն է, որի հետ Իրանը ոչ միայն չունի չլուծված որևէ հիմնահարց, այլ նաև առանձնահատուկ տնտեսական հարաբերություններ է ձևավորում: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն մեր երկրում առանձնակի ռազմական ու քաղաքական ծրագրեր են իրագործում, որոնց աշխարհաքաղաքական նշանակությունը զգալի է անգամ տարածաշրջանի սահմաններից անդին: Փաստ է, որ Հարավային Կովկասում իրագործվելիք բոլոր խոշոր միջազգային տնտեսական նախագծերը, որոնք քաղաքական նկատառումներով շրջանցում էին Հայաստանը, առանց բացառության ձախողվել կամ մնացել են անավարտ: Այս ամենն էլ ակներև է դարձնում, որ վերջին տասներկու տարիների զարգացումների արդյունքում Հայաստանը դարձել է նաև աշխարհատնտեսական սուբյեկտ: Աշխարհի բազմաթիվ երկրների բարձրագույն ղեկավարների այցերը մեր երկիր ու երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարային պայմանագրերն արդեն սովորական են դարձել: Նույնիսկ Թուրքիան է ստիպված հաշվի նստում այս իրողությունների հետ: Մեր դարավոր ոխերիմ հարևանը` զիջելով իր ու փոքր եղբայր Ադրբեջանի որոշակի կենսական շահեր, պաշտոնական Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և շրջափակումը վերացնելու արձանագրություններ է ստորագրել: Բայց այ` ՀԱԿ-ն այս ամենը չի ցանկանում նկատել ու խելակորույս հետևողականությամբ շարունակում է թմբկահարել միջազգային մեկուսացվածության իր կեղծ թեզը: Ուժերի գերագույն լարումով, այնուամենայնիվ, Հայաստանը կարողանում է դիմագրավել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի` դեռ շարունակվող հարվածները: Այո, մեր երկրում բազմաթիվ կարևորագույն սոցիալական, հասարակական ու տնտեսական հիմնահարցեր դեռ հեռու են լուծման փուլից: Բայց նույնիսկ թանձրացող սոցիալական լարվածությունը, որ մոտեցող համապետական ընտրություններին ընդառաջ գրեթե անխուսափելի է դարձնում սոցիալական ընդվզումն ու բողոքի հասարակական դրսևորումները, արմատականներին չեն հուզում: Նրանք նույնիսկ խիստ դժգոհում են, որ երեք տարի առաջ իրենց դրդմամբ ու հրահրմամբ անկարգություններ, բախումներ ու թալան կատարելու համար ազատազրկված անձինք վաղաժամ ազատ են արձակվում: Դժգոհում ու նոր սադրանքներ են մոգոնում, քանի որ սրընթաց զրկվում են շահարկումների միջոցով ժողովրդի ուղեղը թմրեցնելու վերջին հնարավորություններից: Արմատականների շարքերում տարակարծություններն ու հակադրություններն ակնհայտ են արդեն ղեկավար մակարդակում: ԼՏՊ-ի մերձավորագույն զինակիցներն անգամ անհանդուրժող են միմյանց նկատմամբ ու առիթը բաց չեն թողնում` հրապարակավ մեկը մյուսին մեղադրելու: Նրանցից մեկը խոստովանում է, որ շարժումը առայժմ գոյատևել է բողոքական զանգվածի սպասումները շահարկելու, ինքնուրույն անելիք չունեցող կուսակցություններին խաբկանքով իր կողքին պահելու և այլ կեղծիքների շնորհիվ միայն: Մեկ ուրիշը պնդում է, թե արտահերթ ընտրությունների մասին շարժման գլխավոր թեզն ուղղակի անիրագործելի է: Մյուսը հայտարարում է, որ դարձյալ հրապարակներ են «վերանվաճելու» և «ժողովրդական ընդվզում» են հրահրելու: ԼՏՊ-ի խոսնակն էլ ամեն անգամ ստիպված է լինում կրկնել խումհարից միայն հերթական միտինգի նախօրեին դուրս եկող իր շեֆի քաղաքական պատգամը. «Սպասեք` դեռ կոնդիցիայի չեմ հասել»: Բայց մեկ հարցում բացառապես բոլոր ՀԱԿ-ականները միահամուռ են: Նրանք իրենց կեղծիքի, ստի ու շանտաժի զինանոցն անընդհատ թարմացնում են` ժողովրդին հիմարացնելու ու մտածելու ընդունակությունից զրկելու, ուղեղներում քաոս ու կեղծ արժեքներ սերմանելու, պետական համակարգը, երկրի ու ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանվածությունը երաշխավորող բանակը վակաբեկելու նպատակով: Երկրում ֆորսմաժորային իրավիճակ ստեղծելու նպատակով, ՀԱԿ-ի էմիսարները այլևս չեն խորշում` ծայրահեղ բարոյազուրկ վարքագիծ դրսևորել: Եթե հաշվի առնենք, որ Արևմուտքը այլևս վաղուց հանել է «ընտրությունները գունավոր հեղաշրջման վերածելու» պատվերը, ապա ակներև է դառնում, որ արմատականները «Դալլեսի պլանը» իրագործում են մեր երկրի բացահայտ թշնամիների պատվերով: Իսկ թե ովքեր են հայության ու Հայաստանի թշնամիները` բոլորիս է հայտնի: Նույնքան պարզ է, որ թուրքական ու ադրբեջանական ծառայությունների հենց այս տեղական սպասարկուներին էր երկրիս Նախագահն ուղղում օրերս հրապարակած իր կոչը. - Վատ եմ վերաբերվում երևույթին, որ կոչվում է բանակի պախարակում` ելնելով զուտ քաղաքական, նեղ անձնական, կուսակցական շահերից: Զզվում եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձում են բանակի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահել: Առաջին հերթին`այն մարդկանցից, ովքեր փորձել են բանակում ծառայել ու չի ստացվել, ովքեր փորձել են դերակատարություն ունենալ մեր Զինված ուժերում, բայց միայն վնասել են: Պետք է հեռու լինել բոլոր նրանցից, ովքեր ժամանակին շատ բարձր պաշտոններ են զբաղեցրել մեր Զինված ուժերը կառավարող համակարգում, բայց այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թե ի՞նչ է Հայկական բանակը: Կոչ եմ անում առողջ դատողություն ունեցող բոլոր մարդկանց, բոլոր հայրենասեր ուժերին, մեր քաղաքացիներին` մեր բանակին վերաբերվել ջերմությամբ, չեմ բացառում` նաև խստությամբ: Ապերախտ են այն մարդիկ, ովքեր օգտվում են բանակի սխրագործության արդյունքից, բայց փնովում են բանակը:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ