ՍՈՒԼԹԱՆԱՏԸ ՆՈՐ ՄԵՋԼԻՍ ՀԱՎԱՔԵՑ


ՈԼՇԵՎԻԿՅԱՆ կարմիր հեղափոխության օրը` նոյեմբերի 7-ին, Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ էին: Միլի մեջլիսի 125 պատգամավորական տեղերի համար «ընտրապայքարի» ընթացքին հետևել են աշխարհի 48 երկրների և 19 միջազգային կազմակերպությունների 50 հազար դիտորդներ: Ադրբեջանական ընդդիմության տարածած կցկտուր տեղեկություններից հայտնի է դառնում, որ բոլոր դիտորդներն իշխանական բարձրագույն ղեկավարության հատուկ մեծարանքին են արժանացել ու շռայլ նվերներ ստացել: Այս պատասխանատու աշխատանքն իրականացրել են երկրի պաշտպանության նախարարն ու ազգային անվտանգության ծառայության ղեկավարը: Հավանաբար, հենց նրանց ջանքերի արդյունքում է, որ դիտորդներից ոչ մեկը չի «նկատել» համատարած ընտրական կոպիտ խախտումները: Մինչդեռ, ադբեջանական ընդդիմադիր «Ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին հայտարարել է, որ գրեթե բոլոր ընտրատեղամասերում կրկնակի քվեարկություններ են կատարվել, անխափան գործել է «կարուսել» հնարքը: Դիտորդների խիղճը չծանրաբեռնելու մարդասիրական մղումներով, բազմաթիվ տեղամասերում նրանց տևական ժամանակով դուրս են հրավիրել` օդափոխվելու ու հանգստանալու: Անգամ այս ջանքերի արդյունքում, ընտրական օրվա ավարտին պարզվել է, որ ադրբեջանցի 5 միլիոն ընտրողներից քվեարկությանը մասնակցել է միայն 50%-ից քիչ ավելին: Միանգամայն հավաստի կարելի է համարել դիտորդների պնդումները, որ քվեների հաշվարկը կատարվել է ճշգրտորեն, քանզի ինչ-որ բան կեղծելու անհրաժեշտություն չի էլ առաջացել: Ընտրողների նույնիսկ 100% մասնակցության և ազատ ու արդար քվեարկության դեպքում անգամ դեռ նախընտրական փուլում Ադրբեջանի սուլթան Իլհամ Հեյդարօղլու առաջնորդած «Նոր Ադրբեջան» կուսակցության գերիշխող ներկայությունը Միլի մեջլիսում լիովին ապահովված է: Դրանում հեշտ է համոզվել: Դատեցեք ինքներդ: Բացարձակ մեծամասնական ընտրակարգով իրականացվող ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է ընդհանուր առմամբ 743 թեկնածու: Նրանցից հինգ տասնյակը, և բոլորն անխտիր` ընդդիմադիրներ, ինքնաբացարկ են ներկայացրել: Պատգամավորական 125 մանդատների համար ընտրապայքարի մեջ են մտել 693 թեկնածուներ: Ընդդիմադիր թեկնածուներ գրանցվել ու քվեարկվել են միայն 14 ընտրատարածքներում: Դարձյալ պատգամավոր է վերընտրվել սուլթանության առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Դե, իսկ սուլթանն էլ, ձեռնասուն մեջլիս հավաքագրելով` ապահովել է իր վերընտրվելու նաև օրենսդրական երաշխիքը:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ