ԱՐԴՅՈ՞Ք ՄԻ ՆՈՐ ԳԱՄՍԱԽՈՒՐԴԻԱ


 

Վրաստանում արդեն իր իշխանությունը ձևավորող Բիձինա Իվանիշվիլին վերջերս մոսկովյան պարբերականներից մեկին տրված իր հարցազրույցի առթիվ հայտարարեց, թե լրագրողը խեղաթյուրել է իր միտքը, թե ինքը հայերի հանդեպ ունի խորին հարգանք:…

Մենք, իհարկե, հալած յուղի տեղ չընդունեցինք վրաց ընդդիմության առաջնորդի պարզաբանումը` գիտենալով, որ վիրահայերն ընտրությունների ժամանակ լոյալություն էին պահպանել և քվեարկել Սահակաշվիլու կուսակցության օգտին` այսպես առավելագույնս ցանկանալով ինքնապահպանման հարցեր լուծել: Իսկ նման դիրքորոշումը չէր կարող դուր գալ նորընծա առաջնորդին, ով արդենիսկ հայտնի է իր ազգայնական և շովինիստական «իմիջով»: Ուրեմն, այդ «պարզաբանումը» ընդամենը ծխածածկույթ էր, սովորական «արդարացում»... Իսկ Վրաստանում արդեն ակնբախ են «փոքր ժողովուրդների» հանդեպ Իվանիշվիլու ունեցած դիրքորոշումները, մասնավորաբար հակահայ կեցվածքը: Որքան էլ վրացական նոր առաջնորդը փորձում է «հավասարակշռված» հայտարարություններ անել, այնուհանդերձ պարզ է, որ նրա հայտարարությունների ենթատեքստում պարփակված են որոշակի հակահայ տրամադրություններ:

Իսկ դրանք հետագայում կարող են վտանգավոր նախադեպեր ստեղծել Վրաստանում ապրող հայերի համար, որոնց թիվը, ոչ ըստ պաշտոնական տվյալների, այնքան էլ չի զիջումէթնիկ վրացիների թվին: Արդեն վրացական մի շարք հասարակական կազմակերպություններ այն մտահոգությունն են հայտնում, թե Իվանիշվիլին կարող է վերածվել մի նոր Գամսախուրդիայի, կարող է նորից Վրաստան վերադարձնել ընդգծված ազգայնականությունը, ինչի որոշակի նշաններ արդեն իսկ նրա նախընտրական ելույթներում առկա էին: Միխեիլ Սահակաշվիլին ազգային հարցում փորձում էր հավասարակշռություն ստեղծել, ձգտում էր ակնհայտ չդարձնել հակասությունները, «ազգային փոքրամասնությունների» հարցում առաջ էր տանում որոշակի սոցիալական ծրագրեր` մարդկանց դժգոհությունն ու զայրույթը մեղմելու համար: Իհարկե, այդ ծրագրերը հիմնարար չէին, դրանք ամբողջապես չէին լուծում «փոքրամասնությունների» խնդիրները, սակայն նպաստում էին, որ հատկապես հայերով բնակեցված բնակավայրերում սոցիալական հենքի վրա ընդգծված բռնկումներ չլինեին: Ուրեմն, ընդամենը սոցիալական լուծումներ, բայց ոչ երբեք` քաղաքական ազատություններ: Այն հանգամանքը, որ Իվանիշվիլու կողքին կանգնեցին վրաց եկեղեցու ներկայացուցիչները, որ այսօր արդեն «կոնսոլիդացվում» են բոլոր ազգայնական ուժերը, նշանակում է, որ Վրաստանում պատրաստվում են վերածնել շեշտված ազգայնականությունը: Մի վտանգավոր քաղաքականություն, որը կարող է հանգեցնել հայերի և այլազգիների ունեցվածքի ոչնչացմանը, լեզվապահպանմանն ուղղված քայլերի ավերմանը, ի վերջո հատկապես հայերի արտաքսմանն ու բռնի ուծացմանը:

Հոռետեսական այս դիտումներն արդյունք են այն իրականության, որն արդեն իր «թևերն է փռում» Վրաստանում... Ոմանք այն տեսակետն են հայտնում, թե հատկապես Վրաստանին աջակցող Միացյալ Նահանգները թույլ չի տա ազգայնականության խորացումին, թե կկանխվեն բոլոր այն քայլերը, որոնք վտանգ են սպառնում «ազգային փոքրամասնություննե րին»: Սակայն հազիվ թե հուսադրող լինեն նման ենթադրությունները, քանի որ վրացական ազգայնականության բազմաթիվ դրսևորումների ականատեսն ենք եղել մենք` անգամ վերջին տասնամյակների ընթացքում: Ուրեմն, հատկապես Վրաստանում ապրող մեր հայրենակիցները մտորելու ու մտածելու կարիքն ունեն: Ոչ թե հոռետեսության մեջ ծրարվելու, այլ որոշակի քաղաքական քայլեր հղանալու...