ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՏԵԼ 


 

Մենք արդեն տեղեկացել ենք, որ Հունգարիայի հիմնարար իրավունքների օմբուդսմեն Մատե Սաբոն հայտարարել է, որ արդարադատության նախարար Թիբոր Նավրաչինը այդպես էլ օրենքով սահմանված 15-օրյա ժամկետում չի պատասխանել Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ իր հարցմանը: Նախարարությանը հասցեագրված իր նամակում օմբուդսմենը հիշեցրել է, որ  ըստ հունգարական օրենքների, արտահանձնումը կարելի է իրականացնել  միայն այն դեպքում, եթե երկրորդ կողմը երաշխավորում է Հունգարիային, որ դատապարտյալը  ազատազրկման մնացած մասը կանցկացնի բանտում:

Հունգարական իշխանությունները շարունակում են գաղտնի փաստաթուղթ համարել Ադրբեջանի նման պարտավորվածությունը, մինչդեռ բոլորին հայտնի է, որ արտահանձնման ժամանակ Ադրբեջանը որևէ պարտավորություն չի ստանձնել: Ավելին, հենց Հունգարիայի վարչապետն է հորդորել` Սաֆարովին ներում շնորհելու օդակայանում, որպեսզի հեշտ լինի արագորեն պատասխանել հնարավոր աղմուկին:

Փաստաթղթերի թաքցնելն ու խուսանավումները հաստատում են այն ճշմարտությունը, որ Ալիևի և Հունգարիայի վարչապետի միջև կայացել է գործարք, ինչին տեղյակ են եղել նաև Եվրամիության մի շարք պատասխանատուներ, ովքեր այսօր ջայլամի փիլիսոփայությունը որդեգրած` կամենում են հնարավորինս աննկատ մնալ: Հենց նրանք էլ ծածուկ հորդորում են հունգարական վարչապետին, հույսեր տալիս, հուշում հետագա հայտարարությունները:

Բնական է, որ այս դեպքում գործ ունենք մի հանցագործության հետ, որը հովանավորվում է եվրոպական հեղինակավոր կառույցների կողմից: Նրանք ու հունգարական իշխանութ յունները հաշվարկել են, որ կարճ ժամանակ անց բարձրացված աղմուկը կլռի, մարդիկ մոռացության կտան կատարվածը, իսկ Սաֆարովն էլ կվայելի իր վերադարձը:

Սակայն հենց Հունգարիայում արդեն դատական հայց է ներկայացվել վարչապետի դեմ, ինչին չի արձագանքել Եվրամիությունը: Եվրամիության պահվածքն էլ հուշում է, որ գործ ունենք հեղինակազրկված և անբարո մի կազմակերպության հետ, որը երբեք չի կարող դառնալ քաղաքակիրթ ու օրինապահ: Երևի նման իմիջն է պատճառը, որ Թուրքիան կամենում է դառնալ այդ կազմակերպության անդամ:

Մի հանգամանք ևս. ԵՄ անդամ մի շարք երկրներ դատապարտել են Հունգարիայի իշխանությունների գործելաձևը, քննադատություն հնչեցրել Իլհամ Ալիևի որոշման հասցեին: Սակայն այս երկրներից ոչ մեկը չի կամենում ԵՄ բարձրագույն մարմնի շրջանակներում քննարկել հարցը, պատժամիջոցներ կիրառել Հունգարիայի հանդեպ: Նշենք, որ հայկական դիվանագիտությունն էլ այս հարցում պարտվողականության մեջ է: Մինչև օրս մեր արտաքին քաղաքական գերատեսչությունն այս խնդրի առնչությամբ չի մշակել համակողմանի և նպատակասլաց ծրագրեր: Սա նշանակում է, որ մեզ հերթական դիվանագիտական պարտությունն է սպասվում...