«ԳՆԹՈՒՆԻՔԸ» ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿՈՒՄ Է ԻՐԵՆ 


 

Ապարանում հայտնի «Գնթունիք» առևտրի կենտրոնի մասին Հայաստանում գիտեն շատերը: Միջպետական ճանապարհին գտնվող այս կենտրոնը հատկապես նշանավոր է դարձել իր արտադրած հացատեսակներով և մասնավորաբար լավաշով: Օրական մի քանի հազար մարդ է այստեղ գնումներ կատարում, այստեղից են հիմնականում գնումներ կատարում ապարանցիները: Սակայն ապարանյան այս կենտրոնում վերջին շրջանում բացարձակապես որակազրկել են հացամթերքները` գնորդներին մատուցելով կիսահում թխվածքներ, չափիցավելի չորացած և կիսով չափ օգտագործելու համար ոչ պիտանի վրացական պուրի: Հացի մի զգալի մասը չորացած է, այրված, իսկ սա նշանակում է, որ գնորդը կարող է օգտագործել միայն 25-30 տոկոսը: Անորակ է դարձել նաև լավաշը, գնորդներին հրամցվում են կիսաեփ, կիսով չափ վառված հացեր, որոնք նույնպես չեն օգտագործվում:

Ընկերությունում ոչ մի կերպ չեն կամենում մեկնաբանել այս վիճակը, չեն ուզում բացատրություն տալ, թե ինչու են անորակ հաց ու թխվածքներ արտադրում, թե ինչու երբեմն խաչապուրիների տեսականու մեջ առկա են անհայտ ծագման մսամթերքներ... Հասկանալի է, որ շատ մեծ շրջանառություն ունեցող առևտրի կենտրոնում կամենում են բավարարել բոլորին, խույս տալ հերթերի կուտակումներից: Հերթերը շատերին հիասթափեցնում ու հեռացնում են խանութից, որովհետև հիմնականում գնումներ են կատարում միջպետական ճանապարհից օգտվողները, ովքեր հաստա´տ հերթեր կանգնելու ժամանակ ու հավես չեն ունենա: Սակայն արագությունն ի հաշիվ որակի, անընդունելի է. այս դեպքում ևս նվազում են գնորդները, շատ թխվածքատեսակներ մնում են վաճառասեղաններին:

Սրանց ավելացնենք նաև բարձրացող գները, ինչը փորձում են պայմանավորել ալյուրի գնի բարձրացմամբ...