ԼԵԶՎԱԿՌԻՎ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ՓԼԱՏԱԿՆԵՐԻ» ՎՐԱ 


 

Գյումրու նորընտիր քաղաքապետ Բալասանյան Սամվելի խոսնակը շատ է ազդվել արդեն էքս-քաղաքապետ Վարդան Ղուկասյանի այն հայտարարությունից, թե ինքը Բալասանյանին ժամանակին գործարան է տվել ու հանդես է եկել հայտարարությամբ.

- Գյումրու գործող քաղաքապետն երեկ հայտարարեց, իբրև թե ժամանակին գործարան է տվել Սամվել Բալասանյանին, ինչը սակայն, հեռու է իրականությունից, քանզի ժամանակին քարուքանդ վիճակում գտնված և այժմ քաղաքի այցեքարտերից մեկը դարձած վերոնշյալ գործարանը սեփականաշնորհվել է ավագանու որոշմամբ: Մինչ այդ այն եղել է հանրային սեփականություն, իսկ հանրային սեփականությունն ինչ որ մեկին տալ չի կարող ոչ մի անհատ: Եթե այնուամենայնիվ շարժվենք գործող քաղաքապետի ասած տրամաբանությամբ, ապա պարոն Բալասանյանի կողմից քաղաքապետի լիազորությունները ստանձնելուց հետո կարելի կլինի ասել, որ Գյումրու կենտրոնի զգալի տարածքներ, որոնք վերածվել են հյուրանոցների, սրճարանների, խանութների, Սամվել Բալասանյանի կողմից տրվել է գործող քաղաքապետին, քանզի այդ տարածքներն այժմ պատկանում են հենց իրեն: Շնորհավորում ենք նաև գյումրեցիներին քաղաքի օրվա առթիվ: Միևնուն ժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործող քաղաքապետին պարոն Բալասանյանի հասցեին հնչեցրած բարեմաղթանքների համար:

Նշենք, որ Ղուկասյանի ասածի մեջ ճշմարտություն կա, որովհետև հենց նրա նախաձեռնությամբ է հանրային սեփականություն հանդիսացող գործարանը տրվել Բալասանյանին` բառացիորեն անվճար, ինչի դիմաց սեփականատերը խոստացել էր ներդրումներ կատարել: Ո՞վ չգիտի, որ հատկապես Գյումրիում ցանկացած որոշում ավագանին կայացնում էր բացառապես Վարդան Ղուկասյանի կամքով ու ցանկությամբ, որ ավագանու որոշումների տակ դրվում են քաղաքապետի ստորագրությունն ու կնիքը: Ուրեմն, Ղուկասյանը չի ստել: Բայց ահա խոսնակի բառախաղը հիմնազուրկ է, որովհետև ոչ թե Բալասանյանն է Ղուկասյանին տվել Գյումրու կենտրոնի զգալի տարածքներ, որոնք վերածվել են հյուրանոցների, սրճարանների, խանութների, այլ հենց Ղուկասյանն է վերցրել դրանք…

Մի խոսքով, նախկին ու ներկա քաղաքապետերը լեզվակռիվ են սկսել` փոխանակ մտածեն այն մասին, որ հարկավոր է շուտափույթ ձեռնամուխ լինել ձմռան նախապատրաստա կան աշխատանքներին: Այս քաղաքում դեռևս չեն լուծված շատ շենքերի ջեռուցման հարցեր, քաղաքապետարանի ենթակայության մի շարք կառույցներ ունեն հիմնանորոգումների անհրաժեշտություն…

Լ. Մ.