Դարձյալ թիկնապահների մասին  


 

 

գիշերային ակումբների և աղմկալի միջադեպերի առիթով 

Մեր թերթի հուլիսյան հրապարակումներից մեկում, խոսելով «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի պատճառների մասին, նշել էինք, որ ներկայումս էլ իրենց վարքուբարքով ժողովրդի հակակրանքին արժանացած ամենատարբեր մականունավորների «անվտանգությունը պաշտպանող» թիկնազորերը դարձյալ վտանգ են ներկայացնում: Նրանք նման են չպայթած ականների, որովհետև ի՞նչ երաշխիք, որ առաջիկայում էլ մի ուրիշ խումբ անկիրթ ու հաստավիզ թիկնապահների մասնակցությամբ համանման մի սպանդ էլ տեղի չի ունենա մեկ այլ «համբավավոր» օբյեկտում:

«ԱՎԱՆԳԱՐԴԸ» նաև խնդրի լուծման վերաբերյալ հանդես էր եկել առաջարկությամբ` ամենաբարձր մակարդակով և հնարավորինս արագ, կասեցնել «անվտանգություն պաշտպանող» թիկնազորերի «ինստիտուտի» հանցավոր հաղթարշավը, վերջ տալ ամենաթողությանը և դաշտն ամբողջությամբ հանձնել պետական լուրջ կառույցի` հասարակության անվտանգության երաշխավոր ոստիկանությանը: Կառույց, որը մանավանդ վերջին շրջանում լիովին տիրապետում է երկրի օպերատիվ իրավիճակին և հաջողությամբ կարգուկանոն է հաստատում անգամ տարիներ շարունակ նախկին ոստիկանապետերի ուժերից վեր և վերահսկողությունից դուրս համարվող կամ նրանց կողմից հովանավորվող անձանց տարածքնե րում: Նշել էինք նաև, որ թիկնազորի աշխատակիցները պարտադիր պիտի լինեն ոստիկանության ծառայողներ, մարզված և միևնույն ժամանակ` բարեկիրթ ու համբերատար մարդիկ, ովքեր պայմանագրային հիմունքներով կարող են պաշտպանել և´ անձանց անվտանգությունը, և´ տարածքների ապահովությունն ու կարգուկանոնը: Նաև մտավախություն էինք հայտնել, որ հակառակ դեպքում «Հարսնաքարի» շոշափուկները ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնելու: Այդ հրապարակման մեջ նաև ասվածն ապացուցող մի շարք դեպքեր էինք ներկայացրել, որոնց հետքերով գնացել էին ոստիկանության ծառայողները: Այսօր ուզում ենք փաստել, որ հատկապես երևանյան մի շարք օբյեկտներում «սայլը տեղից չի շարժվել», և այդ հաստատությունների տերերը համապատասխան քայլեր չեն ձեռնարկել ներսում կարգուկանոնը ոստիկանների ուժերով պահպանելու ուղղությամբ: Ապացույցը` արձանագրված հերթական դեպքերը, որոնցից մեկին` «Ակապելլա» կարաոկե ակումբին, արդեն արդրադառնում ենք երկրորդ անգամ:

Լուսադեմին` ժամը 04.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ ստացվեց, որ Չարենցի 1 հասցեում գտնվող «Ակապելլա» ակումբում վիճաբանություն է տեղի ունենում: Քիչ անց, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ակումբից բերման են ենթարկվել հինգ երիտասարդ և երկու աղջիկ: Ոստիկանություն են հրավիրվել նաև «Ակապելլա»-ի երեք աշխատակիցներ:

Պարզվել է, որ ժամը 04.00-ի սահմաններում նրանք բոլորը ակումբում վիճաբանել են միմյանց հետ, քաշքշել, հարվածել իրար, բարձրաձայն հայհոյանքներ տվել, դիտավորութ յամբ վնասել ակումբի գույքը, իսկ հաճախորդներից մեկն էլ հարվածել է ակումբի մենեջերին:

Հաջորդ դեպքը. օրեր առաջ` լուսադեմին, մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացուհի և հայտնել, որ «Այսբերգ» ակումբում վիճաբանություն է տեղի ունենում:

Ժամը 04.45-ին ոստիկանության ծառայողները նշված ակումբից բերման են ենթարկել երկու «բանակների» բաժանված ութ երիտասարդ հաճախորդների:

Պարզվել է, որ ժամը 04.30-ի սահմաններում նրանք վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածել են իրար և վնասել ակումբի գույքը` կոտրելով դռան ապակին ու նարգիլեն:

«Ակումբային շարքի» ևս մեկ, այն էլ` արտառոց դեպք, արձանագրվել է Տերյան փողոցում գտնվող «Աֆրոդիտե» կարաոկե ակումբի մոտ: Դարձյալ լուսադեմին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.00-ի սահմաններում նշված ակումբի անվտանգության պետ ոմն Սարգիսը թքել է 1984 թ. ծնված Լուսինե Հ.-ի վրա, ոտքով հարվածել նրա կրծքավանդակին և պատճառել վնասվածք («Հարսնաքարից» ակնհայտորեն դասեր չեն քաղել):

Ոստիկանները տուժողից հաղորդում են ընդունել և նրան տվել դատաբժշկական փորձաքննության ուղեգիր:

Համանման դեպքեր շատ են արձանագրվում, իսկ հետևությունը դարձյալ մեկն է` եթե նշված հաստատությունների տերերը օրենքով սահմանված կարգով պայմանագրեր կնքեին ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ, և հատկապես գիշերային ժամերին այդ օբյեկտներում ծառայություն կատարեն ոստիկանության ծառայողները, ապա կբացառվեին կամ գոնե նվազագույնի կհասնեին աղմկալի դեպքերը: Էլ չենք խոսում «Հարսնաքարի աղետին» հար և նման մեղսագործ թիկնազորերի ճանապարհին արգելափակոց դնելու անհրաժեշտության մասին: