Իգականացման ճամբար` Փարիզում 


 

Այլ իմաստ ու թարգմանություն չունի «ֆեմինացում» արտահայտությունը, քան` «կանացիացում», «իգացում»: Ուրիշ խնդիր է, թե կանայք են իգականացման համար պայքարում. այն էլ` քրիստոնյա կանայք, որոնց իրավունքները ո´չ կրոնական, ո´չ քաղաքացիական օրենքներով և ոչ մի ժամանակներում չեն սահմանափակվել:

Այդուհանդերձ, կա´ն, գործում են ֆեմինիստուհիները, կազմակերպություններ ստեղծում ու պարբերաբար հիշեցնում իրենց մասին: Ուկրաինական FEMEN կոչվող շարժումը է´լ ավելի «հեռատես» է գտնվել և պատրաստվում է զբաղվել տարբեր երկրների կանանց նախապատրաստմամբ: Թե ինչի՞ն պետք է նախապատրաստեն այդ «նորակոչիկուհիներին»` հետո կերևա, բայց արդեն հայտարարել են, որ կամավորների միջազգային ճամբար են հիմնում: Այն էլ` Փարիզում: Այսպես կոչված ուսուցումները կսկսվեն հենց այս ամիս:

Ինչպես հայտարարել են ուկրաինուհիները` իրենց երկրի ու Ֆրանսիայի կանայք պաշտպանում են նույն իրավունքները.

- Մենք պայքարում ենք նույն պատճառով: Մենք դեմ ենք հայրիշխանությանն ու դրա բոլոր դրսևորումներին` եկեղեցու, կրոնի, սեքս-արդյունաբերության ու բռնակալության,- պատմել է 22-ամյա Իրինա Շևչենկոն, ով հարկադրված լքել է հայրենիքը` պաշտամունքի խաչը սղոցելու ակցիային մասնակցելուց հետ:

FEMEN-ի ֆրանսիական գրասենյակը տեղակայված է մայրաքաղաքի հյուսիսային շրջանում, որը բնակեցված է աֆրիկացի ու արաբ արտագաղթյալներով, բանվոր դասակարգի ներկայացուցիչներով ու թմրավաճառներով: Որպես իրենց վարժանքների ճամբար` նրանց կծառայի նախկին թատրոնի շենքը: Հետագայում ֆեմինիստուհիները մտադիր են ընդլայնել իրենց ճամբարային աշխարհագրությունները և ուսուցման նմանատիպ կենտրոններ հիմնել Ուկրաինայում և Բրազիլիայում:

Անցյալ շաբաթ սրանք բողոքի հերթական աղմուկն են անցկացրել, որի ընթացքում Լուվրում գտնվող Միլոսյան Վեներայի քանդակին ամրացրել են պաստառ` «Բռնաբարիր ինձ, ես անբարոյական եմ» գրությամբ:

Ի՞նչ է նրանց ուզածը` անբարոյականությո՞ւն, բռնաբարվե՞լ… Բայց արդյո՞ք դրան հնարավոր չէ հասնել առանց միջազգային աղմկարարության: