Յուրաքանչյուր 5-րդը կամուսնանար  Պուտինի հետ 


 

ՌԴ նախագահի ծննդյան հոբելյանի նախօրեին ամերիկյան SΖn FrΖncisco Chronicle-ը հրապարակել է հանրային ինքնատիպ մի հարցման նույնքան ինքնատիպ պատասխանների արդյունքները: Սոցհարցումն անցկացվել է ռուսաստանաբնակ կանանց շրջանում և բավական հետաքրքիր պատկեր պարզել:

Հարցվածների 6 %-ը հայտարարել է, որ առանց տատանվելու կամուսնանար Պուտինի հետ, իսկ 14 %-ն առանց հաստատակամության են դրական պատասխան տվել. այսինքն` հնարավոր է, որ համաձայնեին ամուսնանալ նրա հետ: Հարցվածների 2/3-ը կտրականապես «մերժել» են` ասելով, թե չէին ամուսնանա Ռուսաստանի նախագահի հետ: Ավելին, այս խմբի 43 %-ն ավելի կտրուկ է պատասխանել` ոչ մի պարագայում դա չէին անի:

Հետաքրքիր է, Վլադիմիր Պուտինի կինը լինելու պատրաստակամություն հայտնողները սիրահարված են նրա անձի՞ն, թե՞ հաճույքով երկրի առաջին տիկին կդառնային: Բայց ՎՎՊ-ին որպես ամուսին չընդունողները նշել են, որ ՌԴ նախագահի կին չէին դառնա: Այսինքն, նրանք «մերժում» են ոչ թե «թեկնածուի» անձը, այլ` պաշտոնը:

Այն կանայք, ովքեր հայտարարել են, թե իրենց չի հետաքրքրում ամուսնությունը Պուտինի հետ, ունևոր խավի ներկայացուցիչներ են: Նրանց «ճաշակը» կիսում են նաև 55-ից բարձր տարիք ունեցող կանանց 70 տոկոսը (կամ` 10-ից 7-ը):

Մինչ այդ հարցումը տարբեր առիթներով գերազանցապես երիտասարդ կանայք (ուսանողուհիներ, երաժիշտներ) գտել են կերպը` իրենց սերն ու հիացմունքն արտահայտելու Վլադիմիր Պուտին անհատի և պետպաշտոնյայի հանդեպ: Այս պարագայում էլ 60-ամյա առաջնորդը համակիրների մեծ բանակ ունի: Մանավանդ` եթե չմոռանանք, որ ինքը` հոբելյար առաջնորդը, ժամանակին չի շտապել կողակից ընտրել: Կնոջը` Լյուդմիլա Շկրեբնևային հանդիպել է` երբ ՊԱԿ-ի կառույցում ծառայում էր Գերմանիայում: Նրա ապագա կինն այդ ժամանակ ուղեկցորդուհի էր: Նրանք ամուսնացել են 1983 թ. (31 տարեկանում): Իր պաշտոնական կենսագրությունում Վլադիմիր Պուտինը գրել է.

- Ես ինքս էլ հասկացա, որ եթե ևս երկու-երեք տարի չամուսնանամ` երբեք չեմ ամուսնանա: