Զինված ուժերում հոգևոր ծառայության դերը 


 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԳԴՀ զինված ուժերի կաթոլիկ եպիսկոպոս և ռազմական տեսուչ Մոնսինյոր Յոհակիմ Սիմոնին: ԳԴՀ ԶՈՒ կաթոլիկ եպիսկոպոսը Հայաստանում է գտնվում ճանաչողական այցով, որի նպատակն է փորձի փոխանակում իրականացնել Զինված ուժերում հոգևոր ծառայության դերի և գործառույթների ուղղությամբ:

Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը կարևորել է այցը և նշել, որ ԶՈՒ հոգևոր ծառայությանը մեծ նշանակություն է տրվում բանակի կյանքում: Ս. Օհանյանն ընդգծել է, որ այս բնագավառում փորձի փոխանակումը եվրոպական երկրների զինված ուժերի նմանաբնույթ ծառայությունների հետ առավել քան կարևոր է, մանավանդ, որ հայ և գերմանացի զինծառայողները համատեղ առաքելության են մասնակցում Աֆղանստանում:

Մոնսինյոր Յոհակիմ Սիմոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկու երկրների զինված ուժերի հոգևոր ծառայությունների գործառույթներում և խնդիրների շրջանակներում շատ նմանություններ կան, ուստի փորձի փոխանակումը արդյունավետ կարող է լինել երկու կողմերի համար:

Այցի ընթացքում նախատեսվում է եպիսկոպոս Յոհակիմ Սիմոնի հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, այցելություն ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, զորամասեր, ինչպես նաև պատմամշակութային վայրեր` Էջմիածին, Խոր Վիրապ, Նորավանք և այլն: ԳԴՀ ԶՈՒ կաթոլիկ եպիսկոպոսը կայցելի նաև Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: