Ընդդեմ ճապոնական մեքենաների
Զանազան հնարամտություններ են մոգոնում ճապոնական մեքենաներ ունեցող չինացիները, որպեսզի իրենց փոխադրամիջոցները պաշտպանեն ծայրահեղ ակտիվ «հայրենա կիցներից»: Վերջին օրերին նրանք հանդես են գալիս Դյաոյույադո (Սենկակու) կղզու նկատմամբ Չինաստանի իրավունքների պաշտպանության դիրքերից:
Պեկինում հայտնվել են մեքենաներ` երդման նմանվող գրություններով. «Իմ ավտոմեքենան ճապոնական է, բայց ես սրտով չինացի եմ»: Կամ, «Իմ ավտոմեքենան ես գնել եմ մինչ ճապոնական կառավարության կողմից Դյաոյույադո կղզու ազգայնացումը: Հիմա ես ճապոնական ապրանքներ այլևս չեմ գնում»: Ոմանք էլ իրենց փոխադրամիջոցներին փակցնում են Չինաստանի քարտեզը` նույն կարմիր գույնով զարդարված վիճելի կղզիներով կամ հետևի ապակու վրա հակաճապոնական կոչեր են գրում:
Ճապոնական ծագմամբ մեքենաները հարձակումներից փրկելու այս զգուշավորությունը պատահական չէ: Հակաճապոնական զանգվածային ցույցերի ժամանակ չինական տասնյակ քաղաքներում մոլեգնած ամբոխն անխնա ջարդոտում է «Տոյոտա», «Նիսան» և «Մազդա» մակնիշի բոլոր մեքենաները. նույնիսկ` եթե դրանք արտադրվել են Չինաստանում (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ)-ը: Անցյալ շաբաթ, օրինակ, Շենյսի մարզի վարչական կենտրոն Սիանիում ձերբակալվել է բողոքի ցույցի մասնակիցներից մեկը: Նա մետաղյա ձողով մի քանի անգամ հարվածել է մի տղամարդու, ով փորձել է իր ավտոմեքենան պաշտպանել ջարդարարներից: