ԹԵԿՈՒԶ` «ՕՂԻ ԹՈՐԵԼ»


Նախագահի ընտրությունների մեկնարկային և ըստ երևույթին ամենահնչեղ ակորդը կտրվի հավանաբար հաջորդ ամիս: Այս առումով առաջիկա երկու-երեք շաբաթները նույնպես իրադարձությունների արտառոց ու հետաքրքիր ընթացք այնքան էլ չեն խոստանում: Հետևաբար տպավորությունները, թե քարոզարշավն իր ուժգնությամբ արդեն գագաթնակետին է հասնում, նախնական ու թվացյալ են, իսկ ավելի շատ` խաբուսիկ: Իրականում տեղի է ունենում մի շատ սովորական գործընթաց. տարբեր քաղաքական ուժեր հայտարարում են իրենց առաջնորդների` Նախագահի թեկնածու առաջադրելու մասին` խոստանալով այդ պնդումները վերահաստատել նաև առաջիկայում նախատեսվող կուսակցական համագումարներում: Այլ հարց է, որ առանձին քաղաքական ուժերի` վերջին օրերին ընդգծվող հաստատակամությունն է°լ ավելի է հստակեցնում միավորման հարցում խորացող անջրպետը: Սահուն հաջորդականությամբ առաջադրվելու հայտեր են ներկայացնում ընդդիմադիր կամ այդպիսին ներկայացող գործիչներ` դրանով արդեն վերջնականապես հաստատելով, որ այս անգամ ևս «հրաշքի» չպետք է սպասել: Ասել է թե` միավորման թեման վերջնականապես ու մեկընդմիշտ փակված է: Այստեղ, իհարկե, ծիծաղելի կամ ողբերգական ոչինչ էլ չկա: Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ իշխանությունը հանձին Դաշնակցության իր դեռևս X թեկնածուով մասնակցելու է ընտրութ յուններին, և արդյունքում իշխանությունը ներկայանալու է երկու ճակատով, ապա խոստովանենք, որ հաշվարկը չափազանց կոպիտ կստացվի: Գործող Վարչապետի թեկնածության պարագայում ամեն ինչ ավելի քան հստակ է: Այսպես, իշխանամետ ԲՀԿ-ն, որքան էլ Սերժ Սարգսյանին պաշտպանելու հարցում միանշանակ կարծիք ու անբեկանելի որոշում ունենա, այդուհան դերձ, նախորդ շաբաթ «բացահայտվեց» ասվածը լրացնող մի նոր գործընթաց: ԲՀԿ-ից ՀՀԿ թափ հավաքող արտահոսքը, այն էլ ընտրություններից առաջ, հասարակության մի ստվար հատվածի հստակ դիրքորոշման և որոշակի քաղաքական նախասիրությունների առկայության վկայությունն է: Սա` այսպես ասած, «երկու ճակատով» ընտրությունների գնացող իշխանության մասով: Հակառակ սրան` համախմբումը բոլոր ընտրություններում որպես ուղիղ ճանապարհ համարող ընդդիմադիր նախագահացուներին շուտով հաշվելն անգամ արդեն դժվար է լինելու: Այս դեպքում, սակայն, քանակը դարձյալ որակ չի ստեղծելու: Ըստ ամենայնի կարևորելով քաղաքական սերնդափոխության խնդիրը` ընդդիմությանը այս անգամ էլ չհաջողվեց թարմ դեմքերի ասպարեզ հանել: Իսկ նույն մարդկանց կողմից հին տեքստերի կրկնությունը, անգամ քարոզարշավ կազմակերպելու նպատակահարմարությունն է անիմաստ դարձնում: Ի՞նչ կարիք կա արդեն որերորդ անգամ կրկնել այն, ինչը վաղուց արդեն հայտնի է բոլորին: Ահա թե ինչու է սցենարի գլխավոր հերոսներից մեկը` Արտաշես Մամիկոնիչը, գործընկեր-արմատականներին խորհուրդ տալիս կաղամբ աճեցնել կամ օղի թորել: Առանձնահատուկ ունակություններ չեն պահանջվում` հասկանալու համար, որ այս դեպքում օգտակար գործողության գործակիցն անհամեմատ ավելի բարձր կլինի: Եվ, իրոք, այսքանից հետո շատ ու շատ արմատականների մնում է ճիշտ որոշում ընդունել: