Նախագահի հեղինակությունը... «աճուրդի» չի դրվի


Նախագահի ընտրություններից առաջ հրապարակ է նետվել ու ակտիվորեն տուրևառվում է լիազորությունների ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանին երկրի Վարչապետ նշանակելու հավանականության վարկածը: Այստեղ և° բարյացակամություն, այսինքն Նախագահին տվյալ պաշտոնում կրկին տեսնելու ցանկության արտահայտություն կարելի է տեսնել, և° չարակամություն ու բամբասանք: Իբր` նոր Նախագահի ընտրություններում հաղթողի հիմնական հավակնորդ Սերժ Սարգսյանը էլ ու՞մ կուզենա նշանակել Վարչապետի պաշտոնում, եթե ոչ իր հայրենակից ու մտերիմ Ռոբերտ Քոչարյանին: Որ ներկա Նախագահն ու Վարչապետը, ինչպես ասում են, մտերիմ բարեկամներ են` ոչ մեկի համար գաղտնիք չէ: Նրանց մարդկային ընկերությունը առնվազն վերջին 20 տարիներին վեր է ածվել քաղաքական ամենասերտ համագործակցության և դիմացել է բազում ու բազմապիսի փորձությունների: Նրանք իրար հետ կիսել են Արցախյան ազգային-ազատագրական պայքարի կազմակերպիչների պատասխանատվությունը, պարտությունների դառնությունն ու հաղթանակների բերկրանքը, միասին կրել ու կրում են նաև Հայաստանի Հանրապետության պետականության կայացման ծանրությունը: Ամենևին զարմանալի չէ, որ Նախագահ Քոչարյանը վերջերս հայտարարեց, թե Նախագահի առաջիկա ընտրություններում, երկրի ղեկավարի բազմաթիվ հավակնորդների մեջ, ինքը սատարում է հենց ներկա Վարչապետին: Դա միայն անձնական համակրանքի արտահայտություն չէր, այլ նաև քաղաքականության շարունակականությունն ապահովելու մտահոգության խնդիր էր, որն առնվազն 10 տարի վարել է Ռոբերտ Քոչարյանը` Սերժ Սարգսյանի ամենաակտիվ դերակատարությամբ: Տարօրինակ կլիներ, եթե այդպես չլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը իր բարոյական աջակցությունը չհայտներ հենց այն մարդուն, ում թեկնածությունը ընդամենը մի քանի ամիս առաջ հենց ինքը առաջադրեց Ազգային Ժողովի քննարկմանը` հաստատելու որպես Վարչապետ: Բայց այդ ամենը կարո՞ղ է, արդյոք, հիմք հանդիսանալ, որ Սերժ Սարգսյանը, Նախագահ դառնալով, իբրև յուրահատուկ «երախտագիտության» արտահայտություն` Ռոբերտ Քոչարյանին առաջադրի Վարչապետի պաշտոնում: Համոզված եմ` ոչ: Նախագահի ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը հազիվ թե ցանկություն հայտնի զբաղեցնելու կառավարության ղեկավարի պաշտոնը, և հազիվ թե Սերժ Սարգսյանն էլ նրան այդպիսի առաջարկություն անի: Ինչու՞: Նախ, ինքը` Սերժ Սարգսյանը, անցյալ շաբաթ, խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանից հետո սովորականի նման հայտնվելով լրագրողների օղակում, այդ առթիվ տրված ուղղակի հարցին բառացիորեն պատասխանեց. «Ես հիմքեր չունեմ ստույգ չհամարելու պարոն Քոչարյանի հայտարարությունները, կասկածելու դրանց: Ես նրա մոտ այդպիսի ցանկություն չեմ տեսնում»: Ասված էր շատ պարզ, հստակ ու որոշակի: Եվ դա նշանակում է, որ գործող Նախագահի ու Վարչապետի միջև այդպիսի «ներքին պայմանավորվածություն» ուղղակի գոյություն չունի, այլապես Սերժ Սարգսյանը գոնե թեական շեշտադրումներ կաներ, իբր` «դեռ կտեսնենք, առայժմ չգիտեմ` ինքը կցանկանա՞, թե՞ ոչ» և այլն, և այլն: Այնինչ Սերժ Սարգսյանը հստակ ասաց` «Ես նրա մոտ այդպիսի ցանկություն չեմ տեսնում»: Երկրորդ` ներկա Վարչապետը, որքան էլ գործող Նախագահի հետ մտերիմ ու զինակից, զուտ որպես պետական պաշտոնյա` մոտ երկու տասնամյակ եղել է Ռոբերտ Քոչարյանի ենթակայի դերում: Նրանց երկուսի համար էլ հոգեբանորեն շատ դժվար կլինի, եթե իրենց դերերը փոխվեն` երեկվա պետը դառնա իր երեկվա ենթակայի… ենթական: Մենք ոչ ռուս ենք, ոչ ամերիկացի կամ եվրոպացի, որ մեզ համար նման վիճակը, այսինքն պետի ու ենթակայի դերերի փոխվելը, բացասաբար չազդի մեր հետագա հարաբերությունների վրա, չառաջացնի անհարմարության զգացում: Ոչ երեկվա ենթական կարող է անկաշկանդ կերպով կարգադրություններ անել իր նախկին ղեկավարին, ոչ էլ այդ նախկին ղեկավարը կկարողանա հեշտ ու հանգիստ ընդունել իր երեկվա ենթակայի կարգադրությունները: Նրանք երկուսն էլ միմյանց լավ գիտեն և գիտեն ամենակարևորը` երկուսն էլ կամային, ուժեղ բնավորություն ունեցող մարդիկ են: Նախագահ դառնալով` Սերժ Սարգսյանը երբեք չի հանդուրժի, որ որևէ մեկը իր այս կամ այն կարգադրությունը կամ հանձնարարությունը չկատարի կամ անբավարար կատարի: Իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին սովոր չէ, որ որևէ մեկն իրեն հանձնարարություն տա: Համենայն դեպս, վերջին 10 տարում նա միայն ինքն է հանձնարարություններ տվել և դրանց կատարման ընթացքի առթիվ հաշիվ պահանջել բոլոր պետական պաշտոնյաներից, այդ թվում` ներկայիս Վարչապետից: Դժվարանում եմ հավատալ, որ դադարելով Նախագահ լինելուց` Ռոբերտ Քոչարյանը հեշտությամբ համակերպվի…նախկին ենթականերից որևէ մեկի կողմից իրեն հանձնարարություններ տալու և իրենից այդ հանձնարարությունների կատարման ընթացքի մասին հաշվետվություն պահանջելու վիճակի հետ: Ահա ինչու` ենթադրելի է, որ Ռոբերտ Քոչարյանը, Նախագահի լիազորությունների դադարումից հետո, կանցնի այնպիսի աշխատանքի, որը չի ենթադրում ենթակայություն հայաստանյան որևէ գերատեսչության: Նա, Հայաստանում մնալու դեպքում, շատ լավ կարող է ղեկավարել ԱՊՀ-ի կամ ՄԱԿ-ի որևէ կառույց Հայաստանում կամ որևէ այլ երկրում. նրա և° փորձը, և° կարողությունները, ըստ իս, լիուլի բավարար կլինեն դրա համար: Չենք բացառում նաև տնտեսական, սակայն միանգամայն ինքնուրույն աշխատանքի անցնելը: Երրորդ և վերջին հանգամանքը, որը կարող է անհնարին դարձնել Ռոբերտ Քոչարյանի Վարչապետ նշանակվելը, արդեն ոչ թե հոգեբանական է, այլ` սահմանադրական: Ռոբերտ Քոչարյանը, ի տարբերություն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, անբարոյություն չի արել և խորհրդարանական ընտրություններում չի գլխավորել որևէ կուսակցության…ընտրացուցակ: Ասում եմ անբարոյություն, որովհետև Պուտինի այդ քայլը` Պետդումայի ընտրություններում «Միասնական Ռուսաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորելը, աննախադեպ էր համաշխարհային ժողովրդավարության պատմության մեջ, քանի որ նա այդ քայլին դիմեց` առանց Նախագահի պաշտոնից հրաժարական տալու: Ով ինչ ուզում է` ասի, Պուտինի արածը խայտառակ, անթույլատրելի և խստագույն դատապարտության արժանի քայլ էր, ներկայիս Ռուսաստանում ժողովրդավարության տարրական ըմբռնումների կատարյալ բացակայության արտահայտություն: Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանում, ի տարբերություն Ռուսաստանի, ժողովրդավարությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է, որ մեր Սահմանադրությունն ու օրենքները գործող Նախագահի կողմից խորհրդարանական ընտրություններում որևէ կուսակցության ընտրացուցակ գլխավորելու արտառոց հնարավորությունը բացառում են: Գործող Նախագահն, ինչ խոսք, ինքն էլ կարող էր սողանցքներ փնտրել, միգուցե նաև` գտներ կամ հորիներ, սակայն ինչպես երևում է` Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի մեծ կարևորություն է տալիս երկրի միջազգային վարկին, քան` նրա ռուսաստանյան պաշտոնակիցը` իր երկրի օրենքներին կամ իր երկրի հեղինակությանը: Բայց էականն այդ չէ, շատ ավելի կարևորն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով մեր երկրի օրենքներից ու Սահմանադրությունից, հստակորեն հաշվի է առնում մի ճշմարտություն` եթե նույնիսկ ՍերԺ Սարգսյանը, հակառակ ամեն ինչի, իրեն Վարչապետի պաշտոն առաջարկի, ինքն էլ համաձայնի այդ պաշտոնում աշխատել, միևնույն է, ոչ ոք չի կարող 100 տոկոսով վստահ լինել, որ Ազգային Ժողովը նոր Նախագահի այդ առաջարկը…կընդունի: Ռոբերտ Քոչարյանը, մեր դիտումներով, իր հեղինակությունը այդպիսի փորձության չի ենթարկի և չի դարձնի խորհրդարանական «աճուրդի» առարկա…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ