2 հարց և պատասխան ՀՀ Վարչապետ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ խորհրդարանական ճեպազրույցից


- Քաղաքական շատ գործիչներ իրենց գնահատականներում այս կամ այն կերպ անդրադարձել են Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձին մեծ քաղաքականություն: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն ու գնահատականը այս հարցի առնչությամբ: - Ընդհանրապես, ի՞նչ է նշանակում` նախկին Նախագահը վերադառնում է քաղաքականություն: Իմ խորին համոզմամբ` բոլոր նախկին նախագահները միշտ էլ զբաղվում են քաղաքականությամբ, հակառակ պարագայում` քաղաքականությունն իրենցով կզբաղվի: Այլ խնդիր է, երբ խոսքը վերաբերում է նախկին քաղաքական գործիչների, կամ նախկին պաշտոնյաների` քաղաքականության մեջ ակտիվ կամ պասիվ դիրքերում հայտնվելուն: Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի հեռացել քաղաքականությունից և դա պարզորոշ երևում է վերջին 10 տարիների մամուլի հրապարակումներից: Նրա ելույթը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում դրա վկայությունն է: - Ժամանակին «հանգուցյալ» մի շարք քաղաքական գործիչների ակնկալիքներին հակառակ, քաղաքական գնահատական չի տրվել ՀՀՇ-ի վարչակարգի տարիներին կատարված իրադարձություններին: Այսօր ՀՀՇ-ն ձեռնպահ չի մնում ներկա իշխանությունների գործունեությանը գնահատական տալուց: - Յուրաքանչյուր քաղաքական ուժի գնահատական տալիս է ժողովուրդը: Եթե մեկը փորձում է մեզ այսօր քաղաքական գնահատական տալ, դա դեռ ժողովրդի` ընտրողների գնահատականը չէ, այլ` տվյալ անձի մասնավոր կարծիքը: Իսկ մեզանում, փառք Աստծո, ազատությունը գնահատվում է, և յուրաքանչյուրն ունի ազատ խոսքի իրավունք: Ամեն քաղաքական գործիչ, ամեն անհատ պետք է հստակորեն հասկանա ազատ խոսքի իրավունք և գիտակցի իր խոսքի արժեքը: