ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՀՀ խորհրդարան - կառավարություն


Վերջին շրջանում հանրապետությունում պարենամթերքի գնաճի միտում է նկատվում, ինչը տարաբնույթ շահարկումների տեղիք է տալիս: Այդ հանգամանքը, բնականաբար, չէր կարող անտարբեր թողնել ժողովրդի բարօրությամբ մտահոգ որոշ քաղաքական գործիչների: Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում պատգամավոր Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հարցապնդումն էլ միտված էր բացահայտելու թանկացումների պատճառը: - Հանրապետությունում գների բարձրացումը շահարկվում է` սերտորեն առնչվելով թոշակների և բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացման հետ: Նշեմ, որ հակամենաշնորհային հանձնաժողովը այդ ուղղությամբ ուսումնասիրություններ էր կատարել և ճիշտ կլիներ դրանք հանրությանը ներկայացնելը: Այդ դեպքում հնարավոր կլիներ ճշտել, թե որո՞նք են այդ թանկացումների պատճառները և իրատեսակա՞ն են արդյոք: Թեև մենք հստակորեն գիտակցում ենք, որ գնագոյացումը կարգավորվում է շուկայական մեխանիզմներով, և այսօր մասնավոր ներմուծողներն են ձևավորում շուկան, հատկապես սննդամթերքի ներմուծման իրականացումը: Ինչպիսի՞ն է դիրքորոշումը այս հարցի առնչությամբ և ի՞նչ է պատրաստվում ձեռնարկել Կառավարությունը: Սերժ Սարգսյան. ՀՀ վարչապետ - Կարծում եմ` ճիշտ կլիներ, որ այս հարցի պատասխանը հնչեցնեին ֆինանսների և էկոնոմիկայի կամ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարները: Բայց քանի որ հարցը քաղաքականացվում Է և աղերսվում ինչ-ինչ գործընթացների հետ, նպատակահարմար համարեցի անձամբ պատասխանել և ասել, որ դա ընդամենը շահարկում է և որևէ թանկացում առնչություն չունի գալիք քաղաքական իրադարձությունների հետ: Ցանկացած իշխանության և ցանկացած կուսակցությունների համար նախընտրական ժամանակաշրջանում, իհարկե, ցանկալի է ապրանքների էժանացումը: Այդ ճանապարհով շատ ավելի դյուրին է ընտրողների վստահությունը շահել: Իրականությունն այն է, որ վերջին շրջանում համաշխարհային շուկայում որոշ ապրանքների գներ կտրուկ աճել են, և Հայաստանը ևս չէր կարող զերծ մնալ դրանից: Բնականաբար, Կառավարությունը մտահոգված է այս հարցով, և ուսումնասիրություններ են կատարվում իրավիճակը շտկելու համար:

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ