ՀՀՇ-Ի ԴԵՄ ԴԱՐՁՅԱ՞Լ ԽԱՂ ՉԿԱ (Դու նորից գալիս ես, ի՞նչ անեմ)


ՀՀ առաջին նախագահի ելույթն ակնհայտորեն քաղաքական դաշտում խորացրել է սպասողական մթնոլորտը: Սա նրա տակտիկական առաջին քայլն էր, որին հաջորդեց քաղաքական որոշ ուժերի հետ Հայաստանի մարզերում իրականացրած հանդիպումները: Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռնարկած քայլերին տրվող բացասական գնահատականներն, ինչ խոսք, չեն գոհացնում նրա թիմակիցներին: Հատկապես որոշ լրատվամիջոցների արձագանքները «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանին հիշեցնում են 1960-ական թվականները, երբ «Սոլժենիցինին և Սախարովին քննադատեց բանվորն ու գիտնականը, շինականն ու մտավորականը, ովքեր առանց կարդալու նրանց հայտարարութ յունների բովանդակությունը, սկսեցին քննադատել, քանի որ քաղբյուրոն նման որոշում էր կայացրել»: Վահագն Խաչատրյանին հարկ է հիշեցնել, որ հասարակություն ձևավորող իր թվարկած խավերը վերևների թելադրանքի կարիք չունեն, քանի որ առ այսօր դեռ ուշքի չեն եկել նախկին իշխանությունների «գինարբուքի» հետևանքներից: Երբեմնի իշխանավորն այսօր դժգոհում է քաղաքական բանավեճի մշակույթի բացակայությունից: Դարձյալ հիշեցնենք, որ իր բաղձալի մշակույթն աղավաղվեց այն ժամանակ, երբ ճակատից երբևէ կախ չտեսած, բայց պատից կախվածը վայելելու բախտից հարբածների` «Մեր դեմ խաղ չկա», «Չունեք` հարևանից պարտք արեք» ցինիզմը ձևավորեց խոսակցական և կենցաղավարության այնպիսի մշակույթ, որն այսօր էլ շատերի մոտ հարգի է: - Մեզ մեղադրում են նաև Հայաստանում կոռուպցիայի սկզբնավորման հարցում: Իհարկե, ես էլ իրավունք չունեմ խոսել, քանի որ եղել եմ քաղաքապետ և իմ ժամանակ քաղաքային իշխանության համակարգում եղել է կաշառակերություն: Բայց ո՞վ է ասել, որ եղել է, եթե եղել է, եկեք պատժեք: Էդ ո՞վ է ասել, որ ես իմ քաղաքացիական իրավունքից պիտի զրկվեմ, էդ ո՞վ է ասել, որ ես այն ժամանակ պաշտոն եմ զբաղեցրել, հիմա պիտի լռեմ: Եթե հանցանք եմ գործել, խնդրեմ, եկեք պատժեք, իրավունքները տրված են ձեզ: Համոզված եմ, որ զբաղվել եք մեր բոլորի գործունեությամբ և ոչինչ չեք գտել: Մազութի գործ, մութ ու ցուրտ տարիներ… Ես դրանք բարոյական չեմ համարում, ազնիվ չեմ համարում: ՀՀՇ-ականների իշխանության ծառի ճյուղերից մեկի վրա հարմար տեղավորված «ազնիվ» քաղաքապետն անբարոյական է համարում իրենց ուղղված յուրաքանչյուր մեղադրանք և ամոթանք տալիս` հիշաչար լինելու համար: Ուստի, ի հեճուկս սելվորների եկեք դադարեցնենք թմբկահարել մուժիկի ու մի զույգ կոշիկի մասին, ինչ-որ մազութի, ցուրտ ու մութ տարիների, ինչ-որ կադրային ջարդի, հողազավթումների, երկրի կառավարման կարևորագույն պաշտոններում պատահական մարդկանց` ազգական, բարեկամ, սիրուհի խցկելու փաստերը: Ու եթե դրանց համար մինչ այսօր նրանք պատասխան չեն տվել, ուրեմն բարոյականն իրենք են, անազնիվն ու ապաշնորհը` մենք, որ չկարողացանք նրանց մոռացնել տալ եկած ճանապարհը: Մինչդեռ նրանք եկել են և դիրքավորվում են Նախագահի դարպասների մոտ: Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելու հավանականությունն, իր իսկ խոսքով` 50-50 է, ինչն էլ ստեղծել է «վերնախավային խուճապ»: - Իշխանությունը գիտի ինչ է անում, ինչպես է ապրում և հանկարծ հայտնվում է մի մարդ, որը կարող է համախմբողի դեր կատարել: Լևոն Տեր-Պետրոսյանի ֆակտորը միայն իր անձով չէ պայմանավորված: Նա կարող է համախմբել ընդդիմադիր դաշտի ուժերին,- հերթական բաժակաճառն է ասում Վահագն Խաչատրյանը: Սակայն իրենց թեկնածությունն արդեն իսկ առաջադրած ընդդիմադիր լիդերները չեն համախմբվի Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ այն պարզ պատճառով, որ «Ի՞նչ պակաս տղա եմ» մտքի թևին բազմած նրանք էլ սլանում են դեպի բարձրագույն աթոռը: