Արտաշես Գեղամյանը երբեք չի ասում` «երբե°ք»


«Եթե հայոց պետականության նավը խորտակվի, ոչ մի նշանակություն չունի, թե ով է կառամատույցում, ով` նավապետի կամրջակին»,- մտավախություն է հայտնում Ազգային միաբանություն կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը: Իսկ որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է պետականության կորստի առջև, այդ մասին նա «ահազանգեց» նաև կուսակցության համագումարի ամբիոնից, վերահաստատելով «Հայոց քաղաքական ընտրանին դատապարտված է միաբանվելու» իր առաջարկությունը: - Ընդդիմադիր, ժողովրդավարական և ոչ ընդդիմադիր ուժերը պարտադրված են անպայման միավորվելու և այլընտրանքային թեկնածուն իրենց շարքերից առաջադրելու, որ մեր ժողովուրդը կրկին ու կրկին չկանգնի երկընտրանքի առաջ: Իշխանության հավակնող քաղաքական ուժն, ըստ Արտաշես Գեղամյանի, պարտավոր է որդեգրել կոնսենսուսային այն մոտեցումները, որը կարտահայտի ազգաբնակչության մեծամասնության կարծիքը: Ուստի «ներկայիս հրամայական պահանջն է, որպեսզի Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արամ Կարապետյանը և այլոք նստեն սեղանի շուրջ և գոնե մեկ` մայր հարցի վերաբերյալ գան ընդհանուր հայտարարի»: Իսկ մայր հարցը` ԼՂ-ի հիմնահարցն է: Իրավացի է Արտաշես Գեղամյանը, երբ անթույլատրելի է համարում Նախագահի ընտրություններին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ այլընտրանքային մոտեցումներով գնալը: Իր «մտքի ուժգնությամբ» բացահայտելով երկրում առկա «տեսանելի խոցերը», որոնց մեղավորը ներկայիս իշխանություններն են, նրանք, ովքեր «իրենց մտածողությամբ այլևս ինքնուրույն չեն կարող շտկել իրավիճակը», Արտաշես Գեղամյանը խորհուրդ է տալիս նստել ու միասին մտածել, թե ինչպես երկիրը դուրս բերեն պայթունավտանգ զարգացումների հորձանուտից: Աստվածաշնչյան կանոններով առաջնորդվող ԱՄ առաջնորդը որոշել է այսուհետ սիրել և ընդունել երբեմնի ախոյաններին: ՀՅԴ -ՀՀՇ հանդիպումն, օրինակ, Արտաշես Գեղամյանը համարում է իր հայտարարության արձագանք: Սակայն չի կարծում, թե դա կարող է խառնել հանրապետականների ծրագրերը: - Եթե ասեմ` ազդելու է, կնշանակի վիրավորում եմ ՀՅԴ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին, եթե ասեմ բացասական կազդի, կասեք, թե ուզում եմ Սերժ Սարգսյանին հաճոյանալ: Իսկ քանի որ ներկայացնում եմ ԱՄ-ը, մեր շահերից ելնելով կասեմ, որ այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական կուսակցությունները կհետևեն մեր խորհուրդներին, նրանց ոտքը քարին չի դիպչի: Ի դեպ, Արտաշես Գեղամյանը հանդիպման առաջարկ է ստացել Լևոն Տեր-Պետրոսյանից, և կայացած երկու հանդիպումների ընթացքում «ամենայն անկեղծությամբ քննարկվել են Հայոց պետականությանը վտանգող հարցերը»: Դեռևս պարզ չէ` Նախագահի ընտրություններում Արտաշես Գեղամյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե` ոչ: Նա` - Խնդիր չի հետապնդում հիշեցնել այն վազողին, որն ասում է` վերջնագծին չհասնեմ, գոնե կտաքանամ: Նման միտք չեմ հետապնդում: Հարցն այն է, նպատակահարմար կգտնե՞մ արդյոք, թե ոչ` առանցքային հարցերի շուրջ խոսելու որպես Նախագահի թեկնածու: Չառաջադրվելու պարագայում ընդդիմադիր գործիչը կպաշտպանի այն թեկնածուին, ով կընդունի իր հակաճգնաժամային ծրագրի հիմնական դրույթները: