Երազներս մնացին հեռվում


Ընդդիմադիր ուժերի հանդիպումները շարունակվում են այնպիսի «արդյունավետությամբ», ինչպիսին տասնամյակներ առաջ երազել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Հանդիպում ների գերխնդիրն, իհարկե, միասնական թեկնածուի ճիշտ ընտրությունն է, թեկնածու, որն, ըստ Հայրիկյանի, նախ պետք է իրեն հաշիվ տա` արդյո՞ք ինքն ունի ազգին, պետության գործերին նվիրվելու պատրաստակամություն, փորձառնություն և կարողականություն: - Անկախ նրանից, թե ինչպիսի վախճան կունենան ժողովրդավարական ուժերը ի մի բերելու և միասնական թիմով պատմության այս փուլն հօգուտ հայ ժողովրդի անցնելու իմ ճիգերը, ես համոզված եմ, որ առաջին քայլը ծրագրերի հստակեցումն է: Պարույր Հայրիկյանի կարծիքով` քաղաքական հստակ ծրագրեր ունեցող թիմն, անշուշտ, կունենա նաև ուժեղ լիդեր, ով հստակ կպատկերացնի ազգի առջև ծառացած համազգային խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Ինչ արած, եթե նրան չէ վիճակված դառնալ սեփական գաղափարն իրականացնող միասնական թեկնածու, մնում է միայն «գլխարկի համար փնտրել արժանի գլուխ»: Իսկ ի՞նչ է մտածում ԱԻՄ առաջնորդը 1-ին Նախագահի մասին, երբ վերջինս նույնիսկ հայտարարել է, թե կաջակցի միասնական թեկնածուին: - Այո, ասել է, բայց այդ դեպքում նա իրեն պահում է ոչ պրոֆեսիոնալ: Ի՞նչ է, այդ միասնական թեկնածուն երկնքի՞ց պիտի իջնի: Եթե դու գործիչ ես, ապա ինչո՞վ ես նպաստում այդ թիմի ձևավորմանը, թե՞ խանգարում ես: Հայրիկյանը մատնանշում է միասնական թեկնածուի ձևավորման երկու ճանապարհ` ժողովրդավարական և օլիգարխիկ: Առաջինն անշուշտ բնորոշ է իրեն, իսկ այ, երկրորդը` հատուկ է Լևոն Տեր-Պետրոսյանին: - Նա լավագույն դեպքում ասում է. «Ես առաջին Նախագահն եմ, եկեք առանձին-առանձին խոսենք, թե ո՞վ է ձեզանից պատրաստ ինձ աջակցելու»: Խնդրին նման մոտեցումը Պարույր Հայրիկյանն անվանում է օլիգարխիկ, ուստի չի վարանում 1-ին Նախագահի վերադարձը համարել վերադարձ աթոռի համար: Մինչդեռ նա կարող է կատարել «անսպասելի և սուպեր քայլ»` մասնակցել հայրիկյանական հավաքներին և նպաստել լավագույն թեկնածուի ընտրությանը: - Լևոն Տեր-Պետրոսյանը գեղեցիկ քայլ կանի, եթե ասի. «Ես իմ փորձառությամբ, իմ բացասականն ընդունելով, դրականը խորացնելով իջել եմ ասպարեզ, որպեսզի միասին գտնենք այն թիմը, ծրագիրը, որն այդ թիմի ներկայացուցչով կդառնա իրականություն»: Այդ դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը կդառնա հայկական Ջեֆերսոն: Անկախության «կնքահայր» Հայրիկյանի` միասնական թեկնածու «ստեղծելու» երազանքն էլ կգրվի սառույցին, քանի որ «իրար դեմ բուռն պայքարող ուժերն իրականում լավ ներկայացում են խաղում»:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ