4. Հայրենիքը արյան մորմոք է, ոգու կարոտ


(Լրագրողի մտորումներ) (Սկիզբը` թիվ 34-36 -ում) Ազգային Արժեքների դասակարգում մեզանում դեռ չի կատարվել: Հեշտ խնդիր չէ, մանավանդ որ դրանք շատ-շատ են: Բացի այդ, նման դասակարգման ցանկացած փորձ, անկասկած, հարուցելու է տարակերպ մեկնաբանություններ, տեսակետների ու կարծիքների բախում, քանզի այստեղ սուբյեկտիվ ընկալման խնդիր կա` ինձ համար սա Արժեք է, մյուսի համար` ոչ: Այնուամենայնիվ, չերկնչելով հնարավոր հարձակումների, այն էլ հրապարակային հարձակումների թիրախ դառնալու հեռանկարից, հարկ եմ համարում իմ ընթերցողի համար շարադրել Ազգային Արժեքների իմ պատկերացումները, փաստորեն, դրանով իսկ հայ հասարակական մտքի պատմության մեջ ձեռնամուխ լինելով դրանց դասակարգման 1-ին փորձին: Ըստ իս, Հայրենիքից հետո ամենամեծ Ազգային Արժեքը…Հայաստանի ներկայիս Հանրապետությունն է, մեր նորօրյա անկախ պետականությունը: Ինչու՞: Որովհետև եթե Հայրենիքը բոլորիս սրբության սրբոցն է, ապա անկախ պետականությունն այդ Հայրենիքի…մշտարթուն պահապանն է, մնացած աշխարհից մեր Հայրենիքի սահմանները զատող ամրակուռ ցանկապատը, Պարիսպը: Քաղաքագիտական գրականության մեջ անկախ պետության հռչակումը համարվում է միջազգային հանրության կողմից ճանաչված տվյալ տարածքի վրա ապրող հանրության քաղաքական ինքնորոշման բարձրագույն ձևը: Բարձրագույն, քանզի կան նաև ինքնորոշման ավելի ցածր մակարդակներ` զանազան ինքնավարություններ կամ վարչատարածքային միավորներ` այլ պետությունների կազմում: Մեզ համար, սակայն, Հայաստանի Հանրապետությունը միայն այս հողի վրա ապրողներիս քաղաքական ինքնորոշման բարձրագույն ձևի արտահայտությունը չէ, ավելի°ն է, համայն հայության համար բարոյական վիթխարի նշանակություն ունեցող մի անգնահատելի գանձ, մեր ողջ ժողովրդի անցյալ տառապանքների փոխհատուցումը, ներկայի առհավատչյան ու ապագայի երաշխիքը: Սա մեր վրեժն է պատմությունից, մեր լինելության, մշտատևության գրավականը` ի հեճուկս չարակամների և հուրախություն բարեկամների: Հայաստանի այսօրվա Հանրապետության գոյությունը աշխարհասփյուռ հայության մեծագույն մխիթարությունն է, երբևէ իր բնապատմական Հայրենիքի ամբողջ տարածքին վերատիրանալու հույսի աղբյուրը, մի անմարելի փարոս, որի լույսը տեսանելի է այս մոլորակի բոլոր ծագերում ապրող և ինքն իրեն հայ գիտակցող ցանկացած անհատի: Ով և ուր էլ լինի այդ հայը և ինչ պայմաններում էլ գտնվի, նա այժմ ներքին վստահություն ունի, որ ինքն այլևս անտերունչ մի ժողովրդի անպաշտպան զավակը չէ այս ծեր ու հոգնած մոլորակում, նա պետություն ունի, ունի մշտապես իր առջև դռներն ու գիրկը բաց պահող հայրենի տուն, ուր ցանկացած պահի կարող է պաշտպանություն ու հոգու անդորր գտնել իր և իր զավակների համար: Իմ դիտումներով, մենք, մանավանդ այս հողի վրա ապրողներիս զգալի մասը, ավա¯ղ, դեռ չենք գիտակցել անկախ պետականություն ունենալու ամբողջ վեհությունը, ձեռք չենք բերել սեփական պետականություն ունեցող ժողովրդի հոգեբանություն: Մեզանում, ավա¯ղ, դեռ շարունակվում է պետությունն ու պետական իշխանությունը իրար հետ նույնացնելու, ավելին` պետական իշխանավորներին պետության հետ շփոթելու մեծագույն անհեթեթությունը: Ահա ինչու այսօր էլ շատ են հանդիպում մարդիկ, ովքեր պետական իշխանավորներից ունեցած ամեն կարգի արդար ու անարդար դժգոհությունները տարածում են…պետությա¯ն վրա: Իմ սիրտը միշտ ծակել են «սա ի¯նչ պետություն է» քամահրանքով արված տխմարությունները: Դա ինձ համար սրբությանն ուղղված հայհոյանք է: Այո, Հայաստանի Հանրապետությունն այսօր դեռ շատ ու շատ պակասություններ, թերություններ, անարդարություններ ունի: Մեր պետական իշխանության մարմինները, այո, հաճախ չեն գտնվում իրենց խնդիրների բարձրության վրա, մեր իշխանավորներից ոչ քչերի` ամեն կարգի շահատակություններն առաջացրել և առաջացնում են դառը հիասթափություն: Բայց չէ՞ որ իշխանություններն էլ, իշխանավորներն էլ անցողի¯կ են, ժամանակավոր: Իսկ պետությունը մնայուն է, հավերժական (տա Աստված): Պետությունը մեր Ազատ, Անկախ ու Միացյալ Հայրենիքի լուսավոր տեսիլի մարմնավորման միակ և անբեկանելի պատվանդանն է, որի վրա վաղը վեր է հառնելու բոլորիս երազանքների ադամանդյա հուշարձանը: Ես ուզում եմ, որ բոլորս ունենանք… պետության պաշտամունք: Գիտակցենք, որ մեզնից յուրաքանչյուրը, շարքայինից մինչև Նախագահ, պարտավոր է իր կարողությունների չափով նպաստել մեր Հայրենիքի այս փոքրիկ հատվածը մնացյալ աշխարհից զատող այդ մեծատառ Պարսպի ամրացմանը, նրան դարձնել գալիք հնարավոր բոլոր արհավիրքներին դիմակայելու ընդունակ հզոր ու անխորտակելի կառույց: Ի դեպ, «հզոր» ասելով ամենևին չպիտի հասկանալ միայն պետության ռազմական զորությունը: Բանակի մարտունակությունը, երկրի պաշտպանունակությունը կարևոր, սակայն ամենևին էլ գլխավոր պայմանը չեն պետության հզորության: Գլխավորը ժողովրդի համախմբվածությունն է, մեկ միասնական նպատակի ձգտելու նրա կամքն ու կորովը, համաշխարհային քաղաքակր թության առաջընթացից ետ չմնալու, միջազգային ժողովրդավարության բոլոր նվաճումները պետության մեջ արմատավորելու նրա կարողությունը, արդարացի հասարակություն ստեղծելու նրա ունակությունը: Եթե մենք հասնենք պետության մեջ օրենքի գերակայություն, օրենքի առաջ անխտիր բոլորի հավասարություն հաստատելու, միջազգային ժողովրդավարության չափանիշներով ապրելու խնդիրների լուծմանը, ապա ամեն տեսակետից կդառնանք անխոցելի: (շարունակելի)

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ