Հանդիպել են «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամները


Սամսոն Ղազարյանի տանը հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի միջեւ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը եւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: - Մեր մեջ կար պատնեշ` անձնական հարաբերությունների, սեղանի շուրջ որ նստում ես, այդ պատնեշը կորում է, բայց քաղաքական դիրքորոշումները դրանից չեն փոխվում, - ասաց Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում: 1993 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ անձնական այլ հանդիպում Վազգեն Մանուկյանը դժվարացավ հիշել: Նրա խոսքերով, հոկտեմբերի 8-ի հանդիպումից հետո էլ «Լեւոն Տեր-Պետրոսյանը մնաց իր քաղաքական դիրքորոշումների վրա, ես մնացի իմ քաղաքական դիրքորոշումների վրա». - «Ուղղակի հետագայում եթե պետք լինի իրար հետ աշխատել, ինչ-որ ինֆորմացիա փոխանակել, կարծիքներ փոխանակել, քանի որ անձնական հարաբերությունները վերականգնվեցին` ավելի հեշտ կլինի»: «Հետագայում իրար հետ աշխատել` նաեւ կարող է մի պահի նշանակել, որ որեւէ մեկդ մյուսին պետք է սատարի, դա դուք հնարավոր համարո՞ւմ եք», - այս հարցին ԱԺՄ-ի առաջնորդը արձագանքեց. - «Նախ եւ առաջ, Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ, երեկվա խոսակցությունից էլ ես հասկացա, չի որոշել` դնելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ: Իհարկե, ինքը իրավունք ունի դնելու, բայց ես ավելի հարմար կգտնեի, որ ինքը քաղաքական դաշտում մնալով առաջին նախագահ` օգտակար լիներ այն միասնական քաղաքական դաշտի ձեւավորմանը, որը միգուցե իմ միջոցով կգնար, միգուցե` ոչ, բայց ինքը նպաստավոր լիներ եւ ոչ թե իր վրա վերցներ դա»: Ընդ որում, Մանուկյանը նշեց, որ իր «միգուցե` ոչ» արտահայտությունը «կեղծ համեստությունից» էր: Նախկին արտգործնախարար, ՀՀՇ անդամ Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Հանդիպման Արդյունքների մասին, թերեւս, շուտ է խոսելը: Ինքը` փաստը շատ կարեւոր է: Շատ կարեւոր է, երբ այսօր վտանգված է Հայաստանի անկախությունը, որ այդ անկախության ակունքներում կանգնած երկու քաղաքական գործիչ, ղարաբաղյան շարժման ղեկավարները միասին հանդես գան»: «Ո՞ւմ շուրջը համախմբվեն», - հարցին Արզումանյանը պատասխանեց. - Ես, լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից, պարզ է, որ ամեն կերպ նպաստելու եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբմանը: Սակայն ես գտնում եմ, որ թե' Տեր-Պետրոսյանը, թե' Վազգեն Մանուկյանը ավելի շատ մտահոգ են ոչ թե իրենց անձի ապագայով, այլ Հայաստանի Հանրապետության ապագայով, եւ նրանք կառաջնորդվեն հենց Հայաստանի շահով: Նրա կարծիքով, պայքարի տրամաբանությունը կհանգեցնի միասնական թեկնածուի առաջադրմանը: http://www.azatutyun.am/