Էրդողանը հայոց ցեղասպանության հարցով հեռախոսազրույց է ունեցել Ջ.Բուշի հետ


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հեռախոսային զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ, որի ընթացքում քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում գտնվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը: Ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, զրույցի ընթացքում Թուրքիայի կառավարության ղեկավարն ասել է, որ օրինագծի ընդունումը «վնաս կհասցնի երկու երկրների ռազմավարական համագործակցությանը»: Դրանից զատ, Էրդողանի խոսքով, դա կհարվածի ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերություններին, այլ նաև հայ-թուրքական հարաբերությունների շտկման փորձերին: Նա հիշեցրել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ և թուրք պատմաբաններից բաղկացած հանձնաժողով ստեղծելու իր առաջարկը: Ըստ թերթի` ԱՄՆ նախագահը պաշտպանել է Թուրքիայի տեսակետը և նշել, որ իր երկրի ղեկավարությունը նույնպես անհանգստացած է օրինագծի` օրակարգում ընդգրկմամբ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույն բովանդակությամբ զրույց է ունեցել նաև Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ: Վերջինս վերահաստատել է իր աջակցությունը Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ: Panorama.am