Իրանը կբանակցի ԱՄՆ-ի հետ, եթե Ջ. Բուշը փոխի իր վերաբերմունքը


Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել, եթե Վաշինգթոնը փոխի իր քաղաքականությունը: Բանակցությունները հնարավոր են, եթե ամերիկյան կառավարությունը փոխի Իրանի նկատմամբ իր վերաբերմունքը: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի անցած շաբաթ արած այն հայտարարությունը, ըստ որի ԱՄՆ ցանկություն ունի բանակցություններ վարել Իրանի հետ վերջինիս միջուկային ծրագրի վերաբերյալ: Հաղորդում է ռուսական ՀըԽ գործակալությունը: «Մենք իրավունք ունենք պայմաններ առաջ քաշել այն պահից սկսած, երբ մենք սկսեցինք անհանգստանալ ԱՄՆ-ի ատոմային ռումբերի, ինչպես նաև ամերիկյան կառավարությունում այդ ռումբերն ուղղորդող մարդկանց առկայությամբ»,-նշել է Իրանի նախագահը: Նա ընդգծել է նաև, որ պատրաստ է քննարկել իր երկրի միջուկային ծրագրերը փոխհամագործակցության պայմանով, սակայն «անիմաստ զբաղմունք է քննարկել ատոմային էներգիան օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը»: Ահմադինեջադն ավելացրել է, որ Իրանը պատրաստ է բանակցություններ վարել ցանկացած երկրի հետ, բացի Իսրայելից: