«Ես գալիս եմ ծառայելու…»


Երբեմնի համարումը վերականգնելու առաջին քայլը Թատերական գործիչների միությունը արեց հոկտեմբերի 8-ին կայացած իր XII համագումարի ընթացակարգային պարտադիր արարարողություններից անմիջապես հետո: Կանոնադրական առաջին իսկ փոփոխությամբ: Ամենաբազմանդամ (մոտ 700 մարդ) ստեղծագործական միության պաշտոնական անվանը կրկին հավելվեց «Հայաստանի» բառը... Ըստ երևույթին, չակնկալելով նախորդ համագումարում տարերայնորեն բռնկված հախուռն մթնոլորտը, հեռուստաընկերություններն այս անգամ ձեռնպահ էին մնացել թատրոնի մարդկանց համաժողովը լուսաբանելուց: Նոր նախագահի թեկնածության նախնական պայմանավորվածությամբ` պատվիրակները համերաշխ միասնությամբ խուսափեցին ավելորդ ձևականություններից և էքսցեսներից... Հնարավոր է` նաև այն պարզ պատճառով, որ Կոմեդիայի թատրոնի դահլիճում բացակայում էր վերջին տարիներին իր ստեղծագործական էներգիային սկանդալային բուռն ուղղվածութ յուն տված «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը: Ինչևէ: ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը միության երկամյա գործունեության հակիրճ հաշվետվությամբ վերստին կարևորեց ազգային թատրոնի խաթարված ուրույն դիմագծի պահպանման, ստեղծագործական խմբերի երիտասարդացման, գեղարվեստական ղեկավար-տնօրեն հարաբերությունների օրենքով ամրագրված հակամշակութային «անհարմարությունների», հարկային արտոնությունների բացակայության և բազմաստիճան վերահսկողության բերումով ֆինանսական խղճուկ վիճակից ազատագրվելու անզոր թատրոնական տնտեսությունների (1000 դրամանոց տոմսից թատրոնի գանձարկղում մնում է մոտ 300 դրամ) վերաբերյալ բազմիցս տարբեր ատյաններում արտահայտած իր դիրքորոշումների հեռատես լրջությունը հայ թատրոնի բարձրարվեստ հարատևության տեսակետից: Ընդհանուր գծերով ներկայացնելով ՀՀ նախագահի և Մշակույթի նախարարության նախաձեռնած ծաղկաձորյան երկօրյա խորհրդաժողովը` զեկուցողը դրական գնահատական տվեց դրան: Ըստ իս, Արմեն Մազմանյանի գլխավոր դերակատարությամբ (որի համար էլ, կարծում եմ, նրան նախապես Ոսկե մեդալ շնորհվեց. «25-ամյա բեմադրական գործունեության «բեղմնավորությունը» որևէ մեկը չկարողացավ հիմնավորել կոնկրետ փաստերով) աբսուրդով ու հավակնոտ վիրավորանքներով հագեցած այդ ինքնօրինակ թատերայնացված շոուն ամենևին էլ չէր բխում թատերական կյանքի արժանապատիվ աշխուժացման շահերից: Եվ հրամցված կասկածելի արժեքավորություն ունեցող հեռանկարային մոդելների ու մեթոդների խառնիճաղանջում գործող արվեստագետների համար հստակ ճանաչելի էր դարձնում պետական մշակութային քաղաքականության ուրվագիծը մոտ ապագայում: Փողի ճաշակի, քաղաքական կուսակցությունների հարյուրավոր մանր ու մեծ թատերախմբերի հրապարակային անվերջանալի ելույթների մեր օրերում, երկհազարամյա հայ թատրոնի տարեգրությունը չվերջակետելու առումով, անհրաժեշտ է, որ չվտանգվի խաղացանկային գործող թատրոնների ստեղծագործական առօրյան և նրանց ճակատագիրը տնօրինելու իրավունք ունենան թատրոն երևույթի համազգային արժեքը ողջ խորքով հասկացող մարդիկ: Տեղական ինքնակառավարման մարմինների քմահաճույքին ենթակա մարզային թատրոններից շատերը հոգեվարք են ապրում: Գյումրիում, Վանաձորում և Սյունիքում դրանց տերունական անքթիթ հայացքը հառած է թատրոնապատկան տարածքներին: Կախարդական շրջապտույտում մշուշապատվում են Մնջախաղի, Մալյան, երբեմնի «Փոսի» թատրոնները: Օրենքով պատժվեին վերջինիս տարածքը գրոշներով սեփականաշնորհած ու անամոթաբար վաճառած հանցագործները, գուցե թատրոնի հնավանդ հեղինակությունը չերերար ընդհանրապես, և կարելի լիներ հավատալ, որ մի լուսապայծառ օր մենք օրինական դաշտում կհաստատվենք: Հակաստեղծագործական խոչընդոտները գնալով կարծրանում են: Այդուհանդերձ թատրոնի նվիրյալները չնչին աշխատավարձով շարունակում են բեմ բարձրացնել տարեկան 30-40 նոր ներկայացումներ, մասնակցում են փառատոների (հազվադեպ դարձող հրաշք), շահում մրցանակներ` չկարողանալով ապահովել սեփական համեստ բարեկեցությունը, ստիպված լինելով կողմնակի վաստակի վրա վատնել ստեղծագործական եռանդի զգալի մասը: Ի տարբերություն ավագ և միջին սերնդի, երիտասարդներից շատերը, այդ թվում և` շնորհալիներ, լքում են թատրոնը: Այս ցավը կար ելույթ ունեցողներից շատերի խոսքում: Դրամական ինֆլյացիայի պատճառով նկատելիորեն նվազել են ՀԹԳ միության ֆինանսական առանց այդ էլ խորհրդանշական հնարավորությունները: Դրությունը գուցե թե կարելի է փրկել երկարատև կապիտալ ներդրումների, ինչ-ինչ բիզնես ծրագրերի, անտոկոս վարկերի ստացման և մեկենասության ինստիտուտի համակարգման ճանապարհով: Ելույթ ունեցողները գնալով կշատանային, եթե փոխնախարար Կարինե Խոդիկյանը` թատրոնի ճակատագրով խելամտորեն գործնականում անհանգստացող քչերից մեկը, արդի օրենսդրական դաշտի ու գործող թատրոնների առօրյայի սպառիչ իրազեկությամբ չմեկնաբաներ բարձրացված խնդիրները լուծելու ռեալականությունը: Թատրոնի մասին օրենքը, որի նախագիծը նախապես քննարկման է ներկայացվել բոլորին, կարոտ է լրամշակման: Գեղարվեստական ղեկավարներից միայն Արմեն Խանդիկյանը, Ռուբեն Բաբայանն ու Արմեն Էլբակյանն են կոնկրետ վերաբերմունք դրսևորել: Երկարամյա ֆինասնական ու ստեղծագործական ճգնաժամից ելքի ճամփան միայն վերջերս է նկատելիորեն լուսավորվել (մյուս տարվա պետբյուջեն մոտ 20 մլն դրամ է): «Աղքատության հաղթահարման» ծրագիր իրագործող պետությունից ավելին չի կարելի ակնկալել: Հարկ է ակտիվացնել արհմիությունները, վերաբաշխել ներքին ռեզերվները: Նախարարության քաղաքականությունը թատրոնի ազգային դիմագծի պահպանումն է: Բարոյական պաշտոնական խթանի` կոչումների բոլոր հավակնորդներին միանգամից գոհացնելը դժվար է: Դրանք վերականգնելուց հետո 300 հայտ կա, որից վերջին 2 տարում 26-ն է բավարարվել: Պատվիրված ներկայացումներից շատերը թիթեռի կյանք են ունենում: Ստեղծագործական լիարյուն կյանքին պակասում է թատերական քննադատության ձայնի կայացնող բարձրացումը` անհետաձգելի դարձնելով սեփական մամուլի օրգանի պարբերական գործունեությունը: Արմատական բարեփոխումները օդի ու ջրի պես անհրաժեշտ են ՀԹԳ միությանը: Բաց քվեարկությամբ միաձայն ընտրված նոր նախագահը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը, ում կազմակերպչական ակտիվությունը հույսեր է ներշնչում, խոստացավ շուտով արդարացնել գործընկերների վստահությունը կառուցվածքային նորաշունչ միջոցառումներով. «Ես չեմ գալիս պաշտոն զբաղեցնելու, գալիս եմ ծառայելու... Այն պահին, երբ զգացի, որ ինչ-որ բան չի ստացվում, չկա°ք թիկունքիս, չեմ սպասի ժամկետիս լրանալուն: Համոզված եմ, 5 տարի հետո այս ամբիոնից ասելու շատ բան կունենամ ձեզ»: 12 տարի միությունը նախագահած Երվանդ Ղազանչյանի` աստվածաշնչյան վերջնախոսքի էլեգիական տրամադրությունից, որ ավելի սրվեց Արմեն Խանդիկյանի` ամենքի անունից ասված ներողամտություն հայցող երախտագիտության խոսքով, հետք չմնաց: Գնահատելով Երվանդ Ղազանչյանի մարդկային արժանիքներն ու բեղմնավոր վաստակը` պատվիրակները համակարծիք էին երիտասարդական ավյունով միության բարոյապես մաշված մեխանիզմը նորոգելու կարևորության մեջ: Այդուհանդերձ, մի ծաղկով գարուն չի գա: Հաղթահարենք կղզիացման կազմալուծող ազդեցությունը և միասին շենացնենք մեր խարխլվող տունը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ