ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՏԵՂՈՒՄ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ Ամեն տարեմուտի, տերողորմյայի հատիկների նման, սկսում եմ համրել հիշողություններս: Դրանք շատ են, հարուստ են, բազմազան են: Ոմանք ասում են, թե հիշողություններով ապրել` նշանակում է հեռանալ իրականությունից, հայտնվել անցյալ ժամանակի մեջ: Ես այդպես չեմ կարծում: Հիշողություններն օգնում են առաջ շարժվել, նոր ծրագրեր կազմել, իրականության մի նոր կերպար ուրվագծել: 2011-ին մեր գրական կյանքն ապրեց հարուստ իրադարձություններով, սակայն չմոռացանք նաև հայացք հառել հիշողություններին` մեծարելով անցյալի մեր մեծերին: Ուզում եմ, որ նախանձախնդիր վերաբերմունքը լինի նաև գալիք տարում: Ուրեմն` հիշողությունների և իրականության մեկտեղում եմ մաղթում բոլորիս: Շատ եմ ուզում, որ 2012-ին մեկ քայլ էլ կատարենք դեպի ղարաբաղյան խնդրի լուծումը, որպեսզի վերջնականապես այդ բազմաչարչար հողում խաղաղություն հաստատվի, ու մեր զինվորն այլևս չմտածի դարանակալ թշնամու կրակոցների մասին: Ես տարեմուտին բաժակ կբարձրացնեմ առաջին հերթին մեր այն զինվորների համար, ովքեր այդ պահին դիրքերում են լինելու: Թող Աստված նրանց պահապան լինի: Թող Աստված պահապան լինի նաև մեր ժողովրդին, որը շատ է չարչարվել ու տառապել: Ժամանակն է, որպեսզի տառապանքին փոխարինի երջանկությունը, քանի որ այդ իրավունքը մենք վաստակել ենք: