ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴՆ ՈՒ ՍԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍԸ


Լենդրուշ Ալոյանը 70 տարեկան է Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լենդրուշ Ալոյանին մտերմական շրջանակներում Ապեր են կոչում: Այս մտերմիկ, մի քիչ էլ փաղաքշական դիմելաձևի հեղինակն ինքն է, որովհետև այսպես է նա դիմում շատերին, ովքեր սրտամոտ են դառնում իրեն, ում ինքը վստահում է և սիրում: Այս դիմելաձևը նա իր հետ Երևան է բերել հայրենի Ղշլաղից, որը շատ վաղուց գյուղ չէ և մաս է կազմում Վանաձոր քաղաքի: Կոլորիտով, սեփական ըմբռնումներն ու աշխարհաճանաչողությունն ունեցող մարդիկ էին ղշլաղցիները, որոնց նաև Լոռիում «դամբուլ կարկատող» են կոչում, որովհետև բնության ու նրա տված բարիքների հանդեպ չափազանց ուշադիր` սրդողած վերաբերմունք են ունեցել ծառերի հանդեպ, հավաքած բերքը մեծագույն զգուշությամբ տեղադրել արկղերի մեջ, արել այնպես, որ ոչինչ չվնասվի… Այս ամենով հանդերձ, նաև անսահման հյուրասեր են, ինչպես Լոռիում են ասում` հացով մարդիկ են, տան վերջին պատառ հացն ու ձմռան համար պահված մասրամածունը կդնեն հյուրի դիմաց ու կհորդորեն վայելել: Իր ծննդավայրի հումորը, կենսասիրությունը, հյուրընկալությունը ամբարած` Լենդրուշ Ալոյանը դարձել է բոլորի համար սիրելի: Երևանի պետական համալսարանում, ուր նա աշխատում է մի ամբողջ կյանք, ուսանողներն անհամբերությամբ են սպասում նրա հետ հանդիպումներին. գիտեն, որ լսարանում հանդիպելու են անսահման բարի մարդուն, կենսասիրությունն իբրև հավատամք հռչակած դասախոսին: Ժուռնալիստիկայի ասպարեզում նորանկախ Հայաստանի առաջին դոկտորն է, ամենապրոֆեսիոնալներից մեկը լրագրության ասպարեզում, ում ջանքերով նաև լրագրությունը հասավ բարձր գիտականության, ձեռք բերեց գիտական համակարգումներ, տեսական պատկառելի հենքեր, որոնք էլ այսօր սերտակցել են ժուռնալիստիկայի տեսությունն ու պրակտիկան, համակարգել-համադրել գիտական մոտեցումների սկզբունքները, տեսական բնութագրումներն ու մեկնությունները: Տարիներ շարունակ զբաղվելով գործուն լրագրությամբ, հանդես գալով հանրապետական մամուլում` Լենդրուշ Ալոյանը հաստատել է սեփական ոճը, արտահայտչականությունը, ձեռագրի յուրատիպությունները: Լենդրուշ Ալոյանի դասախոսությունները տարբերվում են շատերի դասախոսություններից. դասախոսը ոչ թե ամբիոնի մոտ կանգնած «խելացի» մտքեր է արտաբերում, այլ զրուցում է, բարձրաձայն մտորում, հաստատում այս կամ այն թեզը, մեկնաբանում նրա բնույթը, գիտական ու գործնական կարևորությունը` այս ամենը դիտարկելով ժուռնալիստիկայի և մամուլի պատմության տարբեր շրջանների խորապատկերներին, պարբերականների պատմական ընթացքի առանձնահատկությունների համածիրում: Վաստակաշատ գիտնականն ու դասախոսն այսօր նշում է իր ծննդյան 70-ամյակը: Ուրեմն, ծնվել է 1941-ին, Հայրենական պատերազմի առաջին տարում և հեռու եղել մանկության զվարճություններից, ուրախություններից: Զարմանալի ու առինքնող կենսախնդություն ունի. Երևի տտիպ օրերի հավերժական թվացող ընթացքը պարտադրել է նրան յուրովի ըմբոստանալ տխրության ու վշտերի դեմ, դառնահամ մանկության հիշողությունների դեմ և ապրել միայն ու միայն կենսասիրությամբ` այսպես հաստատելով նաև գոյի իր առեղծվածը: Հետպատերազմյան դժվարին տարիները չխանգարեցին, որպեսզի նա համալսարանական կրթություն ստանա, հետո դառնա համալսարանի դասախոս: Իր ողջ կյանքը կապելով «ալմա մատեր» դարձած Երևանի պետական համալսարանի հետ, Լենդրուշ Ալոյանը նաև աջակցել է, որ հանրապետությունում լրագրային կրթությունը ձևավորի իր ավանդույթները, մի շարք բուհերում բացվեն բաժիններ և ստեղծվեն ամբիոններ: Այսպես, 1995 թվականին հենց նրա անմիջական ջանքերով և օժանդակությամբ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, այս քաղաքի պատմության մեջ առաջին անգամ, բացվեց լրագրության բաժին, որի առաջին դասախոսն էլ ինքը դարձավ: - Երբ ստեղծում էինք լրագրության բաժինը` կարծես օդի մեջ լինեինք, մի տեսակ շփոթված, որովհետև անհրաժեշտություն էինք համարում մասնագիտական կադրերի պատրաստումը, սակայն չունեինք դասախոսներ և ծրագրեր: Ողջ Գյումրիում միայն մի հոգի կարող էր լիարժեքորեն դասախոսություններ վարել, զբաղվել կադրերի պատրաստմամբ, սակայն մի հոգով բաժին չես կարող ստեղծել: Դիմեցինք Լենդրուշ Ալոյանին: Իր համար դժվար ժամանակներ էին. աշխատում էր դոկտորական ատենախոսության վրա, չափազանց ծանրաբեռնված էր: Դիմեցինք, սակայն կաշկանդված էինք, որովհետև վարձատրությունը չնչին էր, բուհը միջոցներ չուներ հոգալու դասախոսի ճանապարհածախ սը: Մեր առաջարկությունը լսեց ժպիտով, ապա հուսադրեց մեզ և սեպտեմբերի 1-ին արդեն Գյումրի եկավ: Մի ամբողջ տարի դասավանդեց մեր բուհում, ուսանողներին ուսուցանելուց զատ` աշխատեց նաև նրանց հետ, ովքեր պիտի լսարան մտնեին դասախոսի կարգավիճակով: Նրա ներդրումն անգնահատելի է,- այսպես գնահատեց պրոֆեսոր Լենդրուշ Ալոյանի աշխատանքը այդ տարիներին Մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը զբաղեցրած ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սամվել Սարգսյանը: Իսկ նույն բուհի լրագրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Հայրապետյանն էլ ավելացրեց. - Գիտեմ, որ այսօր անհնար է երկրի գլխավոր բուհի լրագրության ֆակուլտետը պատկերացնել` առանց Լենդրուշ Ալոյանի, սակայն մենք էլ չենք կարող պատկերացնել արդեն 16-ամյա մեր բաժնի գոյությունն առանց նրա: Նա մեզ մոտ բերեց ոչ միայն դասախոսի ինքնահատուկ և նոր որակներ, այլև պարտադրեց ճանաչել իր մարդկային որակներն ու նաև սովորել իրենից: Նման կարծիքներ ու գնահատականներ, համոզված ենք, կհնչեցնեն շատերը: Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ «ԱՎԱՆԳԱՐԴ» թերթի աշխատակազմն ու հեղինակները սրտանց շնորհավորում են թերթի հին ու լավ բարեկամին, անվանի գիտնականին, սիրելի դասախոսին ու շիտակ մարդուն` մաղթելով առողջություն և ստեղծագործական-գիտական հաջողություններ: