Բեթմենը խուլիգանների  որս է սկսել


Մանկամտությո՞ւն է, թե՞ չարություն: Չարամտություն է և հիվանդ երևակայություն: Այլոց սարսափ պատճառելով զվարճանալու ախտանիշը, երևի, հոգեբույժների վերծանելիքն է:

Հեքիաթների հերոսներ այդպես էլ չգտնվեցին կյանքում. ա´յ, եթե հեքիաթային հերոսներն իրական դառնային... Այս բրիտանացին, ահա, որոշել է մանկական ֆիլմի սուպերհերոսի նման պաշտպան կանգնել թույլերին ու հալածել չարագործներին:

Կամբրիա կոմսությունում հայտնված այս մարդուն բոլորն անվանում են բրիտանացի Բեթմեն: Սովորական քաղաքացուց այս կերպարին վերածվել նրան մղել են խուլիգանները, ովքեր ծաղրածուի հագուստով վախեցնում էին մարդկանց: Սարսափազդու այդ խմբերը նախ հայտնվել էին Միացյալ Նահանգներում և կարճ ժամանակում ժանտախտի պես տարածվել մի քանի երկրներում:

Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ օգոստոսի կեսերին Հյուսիսային Կարոլինայի բնակիչները փողոցներում սարսափազդու ծաղրածուների հագուստներով ու դիմանկար ներով տղամարդիկ էին տեսնում: Սրանք փորձում էին երեխաներին անտառ տանել` փող խոստանալով, կամ վազում էին անցորդների ետևից` խուճապահար անելով բոլորին: Ոստիկանությանը դիմելն անիմաստ եղավ, որովհետև տուժողներ ու զոհեր չկային:

Աստիճանաբար սարսափելի հագուստների «նորաձևությունը» հասավ Անգլիա և Ավստրալիա: Ու ամենուր երեխաները սկսեցին վախենալ ծաղրածուներից:

Այդժամ Կամբրիա կոմսության բնակիչներից մեկը որոշեց` արտասովոր տեսքով մանուկների սիրելի հերոս Բեթմենի արտաքինով պաշտպանել փոքրիկներին: Նա համացանցում հատուկ դիմում էր հղել բոլոր երեխաներին` «ովքեր վախեցած են այդ ծաղրածուների մասին լուրերից: Դուք այլևս չպետք է վախենաք. Բեթմենը նրանց հախից կգա: Իսկ եթե դուք այդ ամենազարհուրելի ծաղրածուներից մեկն եք և ցանկանում եք վախեցնել ինչ-որ մեկին, ուրեմն ինչո՞ւ չսկսել ինձանից»:

Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայում ավելի քան 20 դիմում է ստացվել` ծաղրածուների հայտնվելու մասին: Պարզվել է, որ նրանց մի մասն անվնաս քաղաքացիներ են, ովքեր այդ հագուստով փողոց են ելել: Սակայն նույնատիպ հագուստով չարագործներ էլ են եղել, ովքեր դանակներով հալածել են բնակիչներին: