Արմեն ՄԽԵՅԱՆ

 

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

(Սկիզբը` «ԱՎԱՆԳԱՐԴ»-ի թիվ 7-14-ում)

***

Վայրկյաններ անց սենյակ մտան երեք տղամարդ: Ընդունարանի պատուհանի ապակին ամբողջությամբ կոտրված էր: Նրանցից մեկը մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս` նկատելով հետաքրքրասեր անցորդների հայացքները: Մյուս երկուսն արագ մտան աշխատասենյակ: Նրանցից մեկը մոտեցավ գետնին պառկած տղամարդուն, իսկ մյուսը սկսեց ուսումնասիրել ընկած պայուսակի պարունակությունը: Հենց աշխատասենյակի դռան դիմաց գտնվող պահարանի դռան ճեղքից երկու զույգ աչքեր հետևում էին, թե ինչ է կատարվում ներսում: Հանկարծ կնոջ աչքին երևաց ատրճանակն ու հազիվ կարողացավ ձեռքով փակել բերանը` չգոռալու համար: Պատուհանի մոտ կանգնած տղամարդու ականջին ինչ-որ ձայն հասավ, բայց ոչ թե փողոցից, այլ պահարանի կողմից: Երբ հայացքը շրջեց դեպի թվացյալ աղմուկի կողմը, լսվեց ատրճանակի խլացուցիչ ձայն: Երկու կրակոց: Չգիտես որտեղից լսվեց անվտանգության ազդանշանային համակարգի ձայնը:

- Ի՞նչ արեցիր,- խոսեց առաջինը ռուսերեն լեզվով:

- Վստահ լինելու համար, որ չի հայտնվի ոստիկանությունում,- առավել սառն ու կոպիտ պատասխանեց մյուսը` վերցնելով ուսապարկը:

- Կարծես ամեն ինչ այստեղ է,- միացավ երրորդն ու նրանք շտապ դուրս եկան միջանցք: Ազդանշանային համակարգի վայնասունին միացան նաև ոստիկանական մեքենաների ազդանշանները, սակայն հանցագործներն արդեն հասցրել էին նստել մեքենան:

Հազիվ էին օտար անձինք հեռացել, երբ պահարանի դուռը բացվեց: Սամվելն ու Տաթևը մի կերպ կարողացել էին տեղավորվել փոքրիկ պահարանում ու ակնդետ հետևում էին այն ամենին, ինչ կատարվում էր այն պահից սկսած, երբ հանցագործները ներս մտան, իսկ կրակոցների ժամանակ Տաթևը քիչ մնաց մատներ իրենց թաքստոցը:

Ոստիկանական մեքենաների ազդանշաններն արդեն լսվում էին մուտքի կողմից: Սամվելն արագ մոտեցավ պատուհանին.

«Ամենաքիչը երեք մետր, կարելի է»,- ապա նայեց Տաթևի կողմը, ով քար կտրած նայում էր աշխատասենյակից ներս:

- Տաթև, շտապի´ր,- մոտ վազելով քաշեց Տաթևի ձեռքը:

Երբ Սամվելի հայացքն էլ մի պահ ընկավ աշխատասենյակի դռնից ներս, ինքն էլ սարսափած կանգ առավ: Տղամարդը, որ քիչ առաջ փորձում էր իրենց սպանել, գնդակահարված էր: Քիչ այն կողմ ընկած էր Անահիտի մարմինը, իսկ աշխատասենյակի տեսախցիկի կտորներն այս ու այն կողմ էին ընկած:

Սամվելն անմիջապես գլխի ընկավ, թե ինչ էր կատարվել` մինչ իրենք թաքնվել էին պահարանում: Հանցագործները նախ ոչնչացրել էին տեսանկարահանող սարքը, այնուհետև սպանել իրենց վիրավոր հանցակցին ու տարել բոլոր այն փաստաթղթերը, որոնց ետևից եկել էին:

- Մենք պետք է շտապ հեռանանք: Տաթև, լսո՞ւմ ես ինձ:

Լսվեցին ոտնաձայներ: Կրկին ոտնաձայներ…

Տաթևը հանկարծ հիշեց կրիչը, որ հասցրել էր գրպանը խոթել:

- Այո, պետք է արագ հեռանալ, ամեն ինչ դեռ կորած չէ,- շշուկով ասաց Տաթևն ու գրպանից հանեց կրիչը:

Սամվելի` ցավից տանջալի դեմքին ժպիտ հայտնվեց:

- Առավել ևս: Մենք մի ելք ունենք` պատուհանը:

***

Բադալյանը Կառավարական տան մուտքի մոտ այդպես էլ չկարողացավ կայանել մեքենան, ավելի ճիշտ` ոստիկանները թույլ չտվեցին: Այն հարցին, թե ինչ է կատարվել, ոստիկանության ավագ լեյտենանտը հակիրճ պատասխան տվեց` սպանություն:

«Ահաբեկչություն, կազմակերպված ահաբեկչություն, Տեր Աստված»:

Նալբանդյան և Արամի փողոցներն ամբողջությամբ ոստիկանական մեքենաներով շրջափակված էին:

Վերջապես նրան հաջողվեց մեքենան կանգնեցնել ու դուրս գալ: Շուրջը ոստիկաններ էին ու լրագրողներ, ովքեր շտապում էին Կառավարական շենք: Հանկարծ նրա ուշադրությունը գրավեց երկու անցորդների տարօրինակ քայլվածքն ու հատկապես այն, որ նրանք ամբոխին հակառակ էին գնում ու ասես շտապում էին վայրկյան առաջ մտնել գետնանցում: Թեև տեսողությունից հաճախ էր բողոքում, սակայն անմիջապես ճանաչեց նրանցից մեկին` Տաթև Ստեփանյանին:

- Փառք, քեզ, Տե´ր Աստված,- բացականչեց նա ու սկսեց շարժվել նրանց ուղղությամբ:

Մի քանի քայլ անելուց հետո հասկացավ, որ ամբոխի մեջ հեշտությամբ նրանց կարող է կորցնել ու ավելի արագացրեց քայլերը: Մեկ րոպե էլ չէր անցել, երբ գրեթե հավասարվեց նրանց և նկատեց, որ Տաթևին ուղեկցող տղամարդը հազիվ է կարողանում կանգնած մնալ ոտքի վրա, իսկ ձեռքը գրեթե ամբողջությամբ արյան մեջ կորած է:

- Պարոն Բադալյան,- հազիվ կարողացավ ասել Տաթևն ու էլ չկարողացավ զսպել լացը:

- Տաթև, ի՞նչ է կատարվել ներսում, ինձ ասացին…

- Մեզ օգնություն է պետք, որքան հնարավոր է շուտ, ամեն ինչ կբացատրեմ հետո, բայց պետք է շտապ հեռանանք այստեղից:

- Իմ մեքենան մոտակայքում է, գնացինք, բայց ի՞նքն էլ պետք է գա,- գրեթե շշուկով հարցրեց Բադալյանը:

- Այո, մենք միասին ենք:

Րոպեներ անց նախարարի ավտոմեքենան դուրս եկավ խցանումից ու շարժվեց դեպի քաղաքից դուրս:

Տաթևն ու Սամվելը հազիվ կարողացան ներկայացնել այն ամենը, ինչ կատարվել էր նախարարությունում: Բադալյանի մռայլ դեմքն է´լ ավելի մռայլվեց` լսելով սպանության ու նաև հանցագործ խմբավորման մասին: Բայց Բադալյանի հոգին սկսեց մեկ այլ միտք կրծել: Հենց այնպես զինված մարդը չէր կարող ներխուժել Կառավարական տուն, հետո էլ մի ողջ խումբ կանչել: Բոլոր վկաները, անգամ հանցագործը սպանված են, իսկ փաստաթղթերն անհետացած: Հանցագործներին կարող էր ուղղորդել և հրահանգավորել մարդ, ով լավ գիտեր Կառավարական տան ամեն մի անկյունը, դրան էլ գումարած այն, որ իր մեքենայում գտնվող և հետախուզման մեջ գտնվող անձինք իրենք են նշում, որ կոտրել են հանգուցյալ փոխնախարարի դուռը և վախենում են ներկայանալ ոստիկանություն:

«Գուցե մեծ սխալ եմ գործել` նրանց օգնություն առաջարկելով: Չէ՞ որ ոստիկանությունն ամեն դեպքում մի քանի ժամ է ինչ փնտրում է Տաթևին,- խորհում էր Բադալյանը:- Բացի այդ, հանցագործները պատրաստ են ցանկացած քայլի, անգամ սպանության, իսկ ի՞նչ կապ ունի Տաթևն այս ամենի հետ: Պատահականությո՞ւն էր այն, որ հենց ինքն էր ուղարկել լաբորատոր ստուգման, այն էլ` որպես անհատ: Է՞լ ինչեր են կատարվել իմ քթի տակ: Ինքս կպարզեմ ամեն ինչ»:

- Ես ուզում եմ միայն ոստիկանապետի, կամ էլ ԱԱԾ-ի պետի հետ զրուցել, ուրիշ ոչ մեկի,- լռությունը խախտեց Տաթևը:

- Գնանք ապահով տեղ, վիրավորին անհրաժեշտ օգնություն ցույց տանք ու հասկանանք` ինչ անենք:

Տաթևը հանգիստ շունչ քաշեց ու օգնեց Սամվելին վերնաշապիկը պատռել, հետո դրանով կապեց վերքը:

Մեքենան մեծ արագությամբ դուրս եկավ Երևանից:

***

Երևանի ոստիկանության ծառայության պետի համար անսպասելի էր լսել կրակոց հենց Կառավարական տանը: Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել էին երեք դիակ: Երեքն էլ նախարարության աշխատակիցներ, երկուսն անվտանգության աշխատակիցներ, իսկ մեկը սպանված փոխնախարարի երիտասարդ օգնականը:

Մինչ տեղ կհասնեին գլխավոր դատախազության աշխատակիցներն ու ոստիկանապետը, Երևանի ոստիկանության ծառայության պետն անձամբ սկսեց հետևել տարվող աշխատանքներին:

Իր երկարամյա աշխատանքային փորձի ընթացքում նման մեկ դեպք էր հիշում. Ազգային Ժողովում կատարված ահաբեկչությունը: Այս մեկն, անկասկած, ևս ահաբեկչություն էր և անմիջապես կապված է փոխնախարարի սպանության հետ: Կատարվել էր հարձակում պետական հաստատության վրա, և կան զոհեր: Քաղաքում, հավանաբար, կհայտարարավի արտակարգ դրություն:

Ոստիկանության մի քանի վարչություններ արդեն այստեղ էին: Քիչ առաջ զեկուցեցին, որ կոտրված է սպանված փոխնախարարի աշխատասենյակի դուռը և բացված չհրկիզվող պահարանը:

Անվտանգության աշխատակցի սենյակի զննումից հետո միակ կարևոր տեղեկությունը գրանցամատյանում նշումն էր` «Տաթև Ստեփանյան, 11: 45»:

Մեսրոպյանը նայեց ժամացույցին. մեկ ժամ էլ չէր անցել: Ի՞նչն էր ստիպել Անվտանգության աշխատակցին նշել վարչության պետի անունը:

- Գալստյա´ն, մասնագետ ուղարկիր` անվտանգության տեսախցիկների նկարահանածը ստուգենք,- դիմեց Մեսրոպյանը կապիտանին:

Հատուկ վարչության երկու աշխատակիցներ միացան գնդապետին, սակայն քիչ անց պարզվեց, որ նկարահանած նյութերի մի մասը հատուկ միջամտության միջոցով ջնջված է:

- Գտեք հնարավոր բոլոր տեսանյութերը, իսկ վերականգնել հնարավոր չէ՞, - զայրացավ գնդապետը: Պարզվեց` հնարավոր չէ: Տեսախցիկների հիշողությունը ջնջել են, ապա` անջատել:

Մեսրոպյանը դուրս եկավ անվտանգության աշխատակցի սենյակից:

- Պարոն Մեսրոպյան,- գնդապետին մոտեցավ կապիտան Գալստյանը,- ոստիկանապետը հիմա այստեղ կլինի, բացի այդ` կարծեցյալ երկրորդ անվտանգության աշխատակիցը, պարզվում է, Կառավարական տան աշխատակից չէ:

Մեսրոպյանի հարցական հայացքը ստիպեց, որ կապիտանը շարունակի.

- Անվտանգության ոչ մի աշխատակից նրան չի ճանաչում: Պարզվել է, որ արտահագուստն էլ իրենը չէ:

- Ինքնությունը պարզեցեք, զեկուցեք: Իսկ մատնահետքերի ստուգո՞ւմ արվել է:

- Անվտանգության աշխատակցի սենյակում արդեն արվել է: Ուղարկվում է լաբորատոր փորձաքննության, սակայն թարմ մատնահետքերը կարծես միայն մեկ հոգու են պատկանում` անվտանգության աշխատակցին:

- Ո՞ր մեկինը:

Այն աշխատակցինը, ում ինքնությունը պարզվել է:

- Շատ լավ, շարունակեք, ամենափոքր մանրուքի մասին անգամ զեկուցեք:

(Շարունակելի)