ՄԱՐԴԿԱՆՑ 3 ՎԱԽԵՐԸ

Ինչպե՞ս ձերբազատվել դրանցից

Գիտակցության սահմանների ընդլայնմանը զուգընթաց` մարդկանց մեջ ծնվում և տարիների հետ խորանում են այդ վախերը` մահվան, ճշմարտության հանդեպ և միայնակությունից:

ՄԱՀհասկացությունը, որպես այդպիսին` գոյություն չունի Տիեզերքում: Իսկ եթե Տիեզերքում մահ հասկացությունը չկա, ուրեմն ինչո՞ւ ենք մենք մեզ մահկանացու համարում:

Գիտակցությունը հաճախ սահմանափակվում է աշխարհի մասին նեղ պատկերացումներով և ընդունում է, որ գոյություն ունի ժամանակավոր կյանք ու ֆիզիկական վախճան: Այս զգացողությունը ոմանց մղում է ստեղծագործել, արարել: Ենթադրությունը, թե մարդուն սպասվում է մահ, դառնում է ինչ-որ ազդակ` արվեստի համար: Եվ եթե Բանականությունը սահմանափակվում է վախճանի կամ մահվան վախերով, դա խոսում է միայն նրա` նյութապաշտության աստիճանի կամ սեփական գոյության «ակունքի լույսից» հեռացած լինելու մասին:

Երբ մարդը դադարում է վախենալ մահից կամ գիտակցորեն հասկանում է, որ այդպիսի հասկացություն ընդհանրապես գոյություն չունի, այլ առկա է անցում` դեպի մեկ ուրիշ իրականություն, ապա վերանում է մահվան վախը` տեղի տալով ազատագրմանը:

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԱԽ.Երբ մարդը նախ իրեն, ապա շրջապատողներին չի կարողանում ասել ճշմարտությունը, ուրեմն վախենում է դրանից: Ասել է թե` իրականութ յունը նա չի ընկալել որպես բարիք: Դա էլ անվստահություն է ծնում: Մինչդեռ ճիշտ մտածող և միայն ճշմարտությունն ասողը կյանքը որպես բարիք է ընկալում: Այդպիսինները հոգևոր ծաղկում են ապրում և նոր հնարավորություններ են բացվում նրանց առջև: Այս տեսակի համար երբեմն դժվար է ապրել ստի ու կեղծիքի մեջ թաթախվածների շրջապատում: Փոխարենը` նրանք հոգեպես հանգիստ են, ինքնավստահ և վստահելի:

ՄԻԱՅՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑվախը ոչ այլ ինչ է, քան ինքդ քեզ չհավատալը: Այդ վախը «պահանջում» է, որ կյանքումդ էլի ինչ-որ մեկը լինի: Այս վախով համակվածները նույնպես ազատ չեն` լիարժեքորեն ընկալելու կյանքը:

Միայնակության մեկ այլ տեսակ էլ կա. եթե ձեզ պատկերացնենք որպես կյանքի աստիճաններով վեր բարձրացող, և որ այդ աստիճանները տանում են դեպի բուրգի գագաթ, ուրեմն մխիթարվենք, որ այդ գագաթին միայն մեկ տեղ կա:

Իսկ եթե ավելի խորը դատենք` ցանկության դեպքում ոչ մեկը միայնակ չի մնա. չունես ընտանիք, բայց կարող ես լավ բարեկամներ ունենալ, եթե, իհարկե, կարողանում ես ընկերություն անել:

ԻՆՉՊԵՍ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ՎԱԽԵՐԻՑ

Բոլոր այդ վախերը մեր ներսում են ապրում և մեզանից դուրս դրանք գոյություն չունեն: Վախը ներքին ջղաձգում է հարուցում` մեզ ստիպելով ճնշվել: Մի խոսքով, անհապաղ ազատվել է պետք մեր ներսի վախերից. ոչ թե փախչել կամ շրջանցել, այլ ազնվորեն խոստովանել` «ես վախենում եմ»: Ապա հարկավոր է «դեմքով դառնալ» դեպի այդ վախերը և վերլուծել դրանց առաջացման պատճառները:

Դիցուք, ինչպես կարելի է վախենալ մահից, երբ Տիեզերքում այն չկա. կա միայն փոխակերպում, անցում մի վիճակից մյուսը: Եթե դա ևս անցանկալի է, ուրեմն հարկավոր է գիտակցել, որ այն անխուսափելի է: Դրանից վախենալու փոխարեն ավելի լավ է մտածել բարի քայլեր, մնայուն գործեր կատարելու մասին, ինչը կգեղեցկացնի կյանքը, և ձեզանից հետո ջերմ հուշեր կթողնի:

Ճշմարտությունից վախենալն ինքնախաբեություն է, քանզի ճշմարտությունը մեկն է և, ինչպես ժողովրդական իմաստնությունն է ասում` այն չի մեռնում: Պարզապես պետք է ընդունել այն և հիշել, որ դրանից շեղումները խաբեություն ու սուտ են կոչվում. իսկ ո՞ւմ է հաճելի ստախոսի ու խաբեբայի համբավ վայելել:

Միայնակությունն էլ նախ մեր ընտրությունն է, բացի այդ` միայնությունն էլ պետք է սիրել և դրա մեջ ևս առավելություններ փնտրել: Դիցուք` կենցաղային հոգսերի բացակայություն կամ պակաս, սեփական քայլերն ու ցանկությունները տնօրինելու լիարժեք ազատություն...

Վախը «չի դիմանում» սևեռուն հայացքին ու «հալչում»-վերանում է` զգալով մեր վճռականությունը: