Անհայրենիք աշխարհաքաղաքացին


Տեսնես ադիբեկյանակերպ մտածող քանի՞սն են վրդովել Նժդեհի հոգին` այս տողերը գրելուց առաջ` «Իրենց տականքները. ահա ազգերի իրական թշնամին»:

Հետո էլ դառնացած ասել է` «Չէ´, մարդուն բարի չես դարձնի` նրա կերն ավելացնելով»:

Մնում է հասկանալ` ադիբեկյանական տարածքային հաշվարկներն ադրբեջանակա՞ն պատվեր են, ռուսակա՞ն, թե՞ սեփական նախաձեռնությամբ նրանցից պատվեր է ակնկալում:

 

Որոշ արարածների մասին խոսելիս երանությամբ ես հիշում հեքիաթների սկիզբ «Լինում է-չի լինում»-ը: Այսինքն` կարող է և նաև չի լինում, չի եղել: Ահարոնադիբեկ յանների դեպքում, սակայն, այդ «չի լինումը» չկա. նրանք կան: Ու երևի լավ է, որ կան, թե չէ` զարմանալու քանի˜ առիթ էինք բաց թողնելու:

Քանի կար` ընտրությունից-ընտրություն թվեր էր շաղ տալիս. ուզում էր հավատացնել, թե սոցիոլոգիա կոչվող գիտությամբ հարցումնե˜ր է կատարում, թվեր գումարում: Երևի ինքն էլ չէր հավատում դրան: Հիմա էլ իր թվաբանությամբ հողեր է չափչփում` մոռանալով, որ այդ հողերի համար թափված արյան գնով է ինքն այսօր հեռուստախ ցիկների առջև «ծքծքում»:

Ասում է`

- Արցախի 150 հազար բնակչությունը 12 հազար քառակուսի մետր տարածքն ի՞նչ է անելու` եթե ստանում է ազատություն:

Կալանավայրերում ամեն մեկուսացվածին 4 քմ2 է նախատեսվում: Ահարոնական տրամաբանությամբ` դա երևի հերիք է իր նմաններին: Թե չէ` հայրենի˜ք, ժողովո˜ւրդ, պատմական ճշմարտությո˜ւն… այդ ամենից նրա գրպանն ի՞նչ կմտնի:

Սոցցանցերի օգտատերերից մեկը գրել էր, որ եթե Ադիբեկյանի որդին էլ պառկած լիներ Եռաբլուրում, նա այդպիսի բան չէր ասի: Բայց ինչո՞ւ չէր ասի… Այն, ինչը թույլ չի տալիս ազգուրաց լինել ու հայրենադավ զառանցանքներ դուրս տալ, Բարոյականություն է կոչվում, որը բախտի նման` Աստված ընծայել է ոչ բոլորին:

Հրապարակ նետված իր անկեղծությանն ի պատասխան արգահատանքները լսելուց հետո, Ադիբեկյանը փորձել է չքմեղանալ, թե իբր ինքը ցանկացել է խառնաշփոթ ստեղծել և «նայել դրա արդյունքներին».

- Սա հասցեագրված է ադրբեջանական կողմին: Ինձ սիրում են ցիտել այնտեղ, հաճախ են հղում անում իմ հարցումներին: Եթե բացեն կայքերն ու տեսնեն, թե իմ հայտարարությունն ինչպե՞ս ընկալվեց, նրանք կհասկանան, որ տարածքների վերադարձն անիմաստ բան է:

Ավելի անկեղծ չէր էլ կարող ասել. փաստորեն նա ամեն ինչ անում է` իրեն ցիտել սիրող ադրբեջանական կայքերի համար: Ադրբեջանցիներն իրենից լավ գիտեն, որ հողերի վերադարձի մասին ամենաթույլ շշուկն անգամ համազգային դժգոհության լուրջ ալիք կբարձրացնի: Այլ խնդիր է, որ նրա «յոլդաշները» իր կարծիքը կարող են օգտագործել` միջազգային հանրությանն ասելու, որ Հայաստանում նաև այսպես մտածողներ կան: Ուրեմն, չեն սխալվում նրանք, ովքեր նրա այս արարքը ադրբեջանական պատվեր են համարում:

Դե, նրան ասուլիսային սրահներ ու հեռուստա-եթերներ հրավիրողներին էլ կարելի է հասկանալ. նրանք էլ ուզում են զվարճանալ, ուզում են ծիծաղ պարգևել «հանդիսատեսին»: Իսկ մե՞զ ինչ է եղել, որ չծիծաղենք: Նմանների մասին չի՞ ասված` «Մի վեր` քան զկոշիկս»: Միայն թե, ափսոս` արժեհամակարգ է խաթարվում: