ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

Ինձ անհանգստացնում է գիտության նկատմամբ անթաքույց արհամարհանքը և մեր երկիրը գաղութային դարձնելու շարունակվող ընթացքը

Ազգագրագետ Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆԸ տարիներ ի վեր զբաղվում է ազգային փոքրամասնությունների խնդիրներով: Ըստ նրա`Հայաստանում ներկայումս ապրում են ավելի քան 50 ազգության ներկայացուցիչներ: Միաժամանակ Հայաստանը համարվում է մոնոազգային երկիր, քանի որ հայերը կազմում են բնակչության 97%: էթնիկ փոքրամասնությունների թիվը ևս Հայաստանում նվազում է: Սակայն միայն այս խնդրիը չէ, որ զբաղեցնում է Հ. Խառատյանին: Նրան մտահոգում է մեր իրականության մեջ կատարվող ամեն երևույթ, որոնց նա արձագանքում է` չթաքցնելով իր վերաբերմունքն ազգի, ժողովրդի նկարագրին անհարիր և վնասակարի հանդեպ:

Այս անգամ նրա հետ զրույցը մտավորականություն դերի մասին է:

- Ունե՞նք, արդյոք, մտավորականություն:

- Հարցն արդեն իսկ մերժում է պարունակում: Ունենք, իհարկե´: Ունենք թե´ մտավորականներ, թե´ մտավորականություն` այդ բառերի ողջ տարողությամբ: Նրանք ամենուր են` քաղաքներում ու գյուղերում, կենտրոնում ու ծայրամասերում, դպրոցներում, ԲՈւՀ-երում, հիվանդանոցներում, քաղաքական կուսակցություններում ու վարչական ապարատներում, նույնիսկ դատա-իրավական համակարգում, ոստիկանությունում, շուկայում, խանութներում: Նրանց մի մասը «բարձրաձայն», այլոք` տարբեր կերպ են «խոսում», կամ լռում: Այս ամառ ես Կապանում հանդիպեցի մի փայլուն մտավորականի` Կապանի երկրագիտական թանգարանի տնօրենին: Մարդն աշխատում է, հետևում է մեր երկրի բոլոր զարգացումներին, կարդում է, գրում է, խոսում է, ինքն իրեն հարցեր է տալիս, ուրիշներին հարցեր է տալիս, փորձում է պատասխաններ գտնել: Նա էությամբ մտավորական է և չի կարող «արմունկներ» օգտագործել:

Լռողներից չէ, բայց պաթետիկ տոնի մեջ չի կարող մտնել: Ամաչկոտ չէ, բայց չի կարող «կուրծք ծեծել»: Մա´րդ է: Բարի, պատրաստակամ, խելոք, մեղմ: Բազմաթիվ ծրագրեր ունի, շատ է աշխատում, համեստ է, հավակնոտ չէ: Սիրում է մարդկանց, սիրում է Հայաստանը, սիրում է երիտասարդությանը: Եվ չի ամաչում սիրել: Նրա նմանների մասին ասում են «նվիրյալ է»: Պահպանողական է թվում, բայց չի քննադատում նորը, ձևափոխումները: Փորձում է հասկանալ երևույթները, բացատրել դրանք` նախ և առաջ ինքն իրեն: Կարծեք թե արմատական «ոչ» ունի միայն բռնության, ագահության, բացարձակ տգիտության, եսամոլության հանդեպ: Չունի Հայաստանի տղամարդկանցից շատերին բնորոշ` արժեքներ թելադրելու և խրատելու հակում: Մտավորակա´ն է:

Անցյալ տարի Տավուշի Բերդ քաղաքում հանդիպեցի մեկ ուրիշ մտավորականի: Քիչ չեմ հանդիպել այդ կարգի սրտացավ քաղաքացու: Գրագետ, զարգացած, խելոք: Սիրտը մղկտում էր թե´ Հայաստանի, թե´ Տավուշի, թե´ իր հարազատ քաղաքի ավերածությունների համար: Մոտ տասը հոգի էինք, զրուցում էինք մեր երկրի բնակչության խնդիրներից` արտագաղթի պատճառներից և հետևանքներից, հասարակական անզորության ձևավորումից, սահմանային գոտու բնակչության խնդիրներից, Հայաստանի ներկայի հասարակական-քաղաքական իրավիճակի մեր ընկալումներից: Ինքը երկար լուռ էր: Բայց խոսեց, և տասը հոգի լուռ լսում էին նրա փաստացի մենախոսությունը: Ոչ, դա բողոք չէր, դա բացատրություն էր: Կամաց, անշտապ, հանգամանալից բացատրություն էր, թե ինչպես աստիճանաբար անտառ կտրելով մենք հողը դարձրինք երերուն -սողացող, գետը դարձրինք սակավաջուր, մարդուն օտարեցինք իրավունքից, իր երկրի տիրոջ զգացողությունը կրողից վերածեցինք հպատակի… Խաբեցինք, նվաստացրինք, խեղճացրինք… Խոսում էր գրագետ, մտածված, նյութի հիանալի իմացությամբ: Պատմեց նաև կոնկրետ իր գրած բացատրական նամակների մասին` երկրի տարբեր նախագահներին, Ազգային ժողովի նախագահներին… Բոլորն անարձագանք: Մենք լուռ էինք, բայց նրա խոսելու ընթացքում մենք համակվում էինք նրա համոզմունքներով, ազդվում էինք երևույթների և փաստերի իմացության նրա բացառիկ ուժից: Իր հողի, երկրի, մարդու նկատմամբ չասված, բայց արտահայտված սիրուց: Վատի, անբարոյի, չարի, չարիքի նկատմամբ անթաքույց արգահատանքից: Եվ ոչ մի, բացարձակապես ոչ մի նշույլ սենտիմենտալիզմ. ամբողջը` խիստ իրատեսական:

Երևանում իմ հանդիպած մարդկանց մեծ մասը մտավորականներ են: Նկատի չունեմ մտավորականի բնութագիրը` կրթվածություն, դաստիարակություն, համոզմունք ներ, նկատի ունեմ մտավորականի հասարակական կենսական տարածքը` բարություն, սրտացավություն, պատրաստակամություն: Լուռ, անգովազդ օգնության պատրաստակամություն: Եվ հաճախ այս ամենը միասին են: Մի լավ բարեկամ ունեմ, այսօրվա տերմինով ասած` բիզնեսմեն է: Արտադրական ոլորտի: Շատ մեղմ մարդ է: Ֆիզիկոս, գիտությունների թեկնածու: Հավանաբար պետք է, որ հարուստ լինի: Չորս երեխա ունի, չորսին էլ շատ նվիրված, բայց միաժամանակ չի խանգարում նրանց իրենց կյանքի ձևն ընտրել: Զավակներից մեկը հոգևորական է, երկրորդը` նկարչուհի, երրորդը փորձում է օպերային երգչուհի դառնալ: Բացառիկ մեղմ ամուսին է: Ոչ մեկի կյանքը չի փորձում իր ճաշակով ձևավորել: Ինքն իր կյանքը չի հարմարեցում որևէ մեկի կամ որևէ ուղղության ճաշակին: Գրագետ է, կարդացող: Լավ մարդիկ են: Մի քանի կոնկրետ դեպք գիտեմ, երբ օգնել է ադրբեջանահայ փախստականների, ուսանողների: Վերջերս զանգել էր ինձ և հարցնում էր, թե ինչպե՞ս կարող է սիրիահայ փախստականներին օգնել: Լուռ, անգովազդ: Վստահ չեմ, թե դրանց մասին որևէ մեկը, ինձանից բացի, գիտի: Մտավորական մարդ է: Մենք շատ, և շատ լավ մտավորականներ ունենք: Սա իմ անխախտ համոզմունքն է:

- Ի՞նչը կարող է միավորել մտավորականներին:

- Իսկ ինչու՞ միավորել մտավորականներին: Նրանք արդեն իսկ միավորված են` իրենց աշխարհայացքով, իրենց լռելու և խոսելու կերպով, իրենց պահվածքով, իրենց աշխատելու, իրերն ու երևույթները գնահատելու կերպով: Դուք ի՞նչ է, ուզում եք մտավորականների կուսակցությո՞ւն հիմնել: Ուզում եք «պայքարող բրիգա՞դ» ստեղծել: Ուզում եք դիմադրական շարժո՞ւմ ձևավորել: Մտավորականները հեղափոխականներ չեն: Նրանք մարդիկ են, ովքեր ապրում են իրենց միկրո և մեր ընդհանուր մակրոաշխարհում, լավ կամ վատ, ուրախ կամ տխուր: Նրանք միավորված են, քանի դեռ չեն միավորվել որպես որևէ կոնկրետ նպատակի ծառայող խումբ: Եվ փառք Աստծո: Գրողների, նկարիչների, ճարտարապետների, կոմպոզիտորների… միությունները «միավորել են» այդ արհեստներով աշխատող մարդկանց, բայց հայտնի՞ է արդյոք դրանց մտավորականության մակարդակը: Արդյո՞ք այդ միջավայրերում մտավորական հարաբերություններ են, մտավորականների քննարկումներ են, մտավորականների մտահոգութ յուններ են… Մտավորականների թումանյանական վերնատնային հավաքները մտքերի փոխանակության միջոցներ էին, վերոհիշյալ «միավորները»` վարչական լուծումների. ո՞ւմ ներկայացնել մրցանակի, պարգևատրման, ո՞ւմ թույլ տալ և ինչքա՞ն թույլ տալ մոտենալ եղած սուղ ռեսուրսներին … Երբեմն-երբեմն էլ` որևէ հայտարարություն ստորագրել` որպես մտավորականների դիմում, կամ` մտահոգություն: Որքան հասկանում եմ` վարչականացված միավորումները միայն փոխօտարման և անհամաձայնության միջոցներ են:

- Հավատո՞ւմ եք, որ կգա համախմբման ժամանակները:

- Ո՞ր համախմբան. էթնիկակա՞ն, կրոնակա՞ն, լեզվակա՞ն, հասարակակա՞ն, քաղաքակա՞ն, մշակութայի՞ն, քաղաքացիակա՞ն: Միշտ էլ համախմբվածության որոշ մակարդակ կա, և միշտ էլ եղել են, կան և կլինեն ընդդիմադիրներ: Հավատում եմ, որ կգա իշխանություն-թալանչիներ տարանջատման ժամանակը: Երբեք չի լինի բացարձակ համախմբվածության ժամանակ, բայց հավատում եմ, որ երբևէ Հայաստանի քաղաքացին հպարտ կլինի Հայաստանի քաղաքացի լինելու համար և իր երկիրը կպաշտպանի ոչ թե ավանդական տեսական հայրենասիրության մղումով, այլ իր հայրենիքում իր արժանապատիվ կյանքը պաշտպանելու մղումով: Որովհետև այդ իր երկրում նա տե´ր կլինի, ոչ թե հպատակ:

- Ի՞նչն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:

- Մեծ չափով` մեր երկիրը գաղութային երկիր դարձնելու շարունակվող ընթացքը: Սիրո, բարության, վստահության, արժանապատվության, իրավունքի պակասի խրախուսանքը վարչա-քաղաքական ոլորտում: Մարդկային, հասարակական արժեքների հեղհեղուկությունը և դրանց նկատմամբ անտարբերությունը: Չարի ու բարու նկատմամբ հարաբերականության գնահատականի ներմուծումը: Գիտության նկատմամբ անթաքույց արհամարհանքը: Արհամարհանքը մարդու նկատմամբ: Աղքատության շարունակականությունը: Ուժի (ֆիզիկական, ֆինանսական, վարչական) ցուցադրական հարգանքը: Մասնավոր շահի արժևորումը: Թշնամանքի, չարության, օտարման ներդրումը: «Էլիտա» հասկացության արժեզրկումը: Հասարակական բևեռացման խորացումը:

- Մի՞թե Հրանուշ Խառատյանը հիասթափված է:

_ Հրանուշ Խառատյանը ցավում է, բայց փորձում է վերլուծել և հասկանալ:

- Ի՞նչ երազանքներ ունեք

- Ես վաթսուն տարեկան եմ, բայց, ամոթ է ասել, երազանքներս ոչ թե նվազում, այլ գնալով ավելանում են: Հիմա արդեն ինձ համար դժվար է տարանջատել երազանքը ծրագրից: Ես բազմաթիվ ծրագրեր ունեմ: Ամենից ավելի շատ ուզում եմ աշխատել Թուրքիայում` քանի դեռ հնարավոր է: Ուզում եմ հասկանալ այդ երկրի հասարակության արժեքները, մարդկանց` իրենց խաբված կամ ձեռք բերված ակնկալիքներով, սպասումներով, երազանքներով, մեղանչումներով, տառապանքներով, իրենց երջանկության ընկալման կերպը, իրենց մոռանալու կերպը, իրենց ինքնախաբեության կերպը, իրենց ցավը…

- Իսկ մեր ավանդույթների հետ ինչպե՞ս վարվենք:

- Որո՞նք են մեր ավանդույթները: Այս բառը Հայաստանում օգտագործողները շատ տարբեր իմաստներ են դնում: Իսկ առհասարակ` փորձենք նպաստել դրանց էվոլյուցիոն ժառանգորդմանը և անխուսափելի ձևափոխությունների սահունությանը: Եվ անընդունելի թվացող ներթափանցումների դեմ ոչ թե խոսքով պայքարելով, ինչը միայն մեծացնում է գայթակղությունը, այլ` պակասը լրացնելով:

- Խոսք` ուղղված մեր մտավորականներին:

- Չունեմ այդպիսի խոսք: Ես սիրում եմ մեր մտավորականներին, խոնարհվում եմ նրանց առաջ:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ