Հրամանատարը պետք է հավատա իր զինվորին


Հայ¬ռուսական ռազմական համագործակցությունը` իր ռազմավարական մեծ նշանակությամբ, կառուցված է ամուր հենքի վրա, որի երաշխիքը նաև երկու ժողովուրդների սերտ բարեկամությունն է: Ձեռքբերումներն ու նվաճումները հեռանկարային այս ոլորտում շարունակական բնույթ են կրում: Այդ համագործակցությանն առնչվող և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ: - Ի՞նչ նոր զարգացումներ կան հայ¬ռուսական ռազմական համագործակցության ոլորտում: - Այս խնդրի շուրջ շատ լուրջ բանակցություններ են ընթանում, որոնց մասնակիցն եմ նաև ես: Տարին մի քանի անգամ հանդիպումներ են կազմակերպվում թե´ մեր երկրում, թե´ Ռուսաստանի Դաշնությունում: Քննարկվում են մեր պաշտպանությանն առնչվող հարցեր: Հաճախակի են անցկացվում հրամանատարաշտաբային (շտաբային) մարզում ներ, զորավարժություններ, օպերատիվ երթեր, մասնակցություն հայ-ռուսական համագործակցությանը վերաբերվող տարբեր միջոցառումներին: Հայ-ռուսական համագործակցության ընթացքում առաջ եկած խնդիրները արագորեն ստանում են երկկողմանի լուծում: ՀՀ և ՌԴ նախագահների կողմից կոալիցիոն զորքեր ստեղծելու մասին որոշում է կայացվել: Արագ արձագանքման խնդիր ունենք: Մեր երկրների միջև կնքվել են երկկողմանի համագործակցության պայմանագրեր: Եթե, Աստված մի´ արասցե, ինչ¬որ մեկը մեր դեմ պատերազմ սանձազերծի, Ռուսաստանն անմիջապես է արձագանքելու: Վլ. Պուտինն իր ելույթներից մեկի ժամանակ հատուկ շեշտել է այն միտքը, որ ով կպատերազմի ՌԴ ռազմավարական գործընկերոջ հետ, ստիպված կլինի պատերազմել նաև Ռուսաստանի հետ: Այսինքն` նա բացահայտ ասաց, որ մենք մենակ չենք: Նույն համոզմունքը նախագահ Դմ. Մեդվեդևը ևս արտահայտեց` Գյումրիում Պատվո բլուրի բացման արարողության ժամանակ: Երկկողմ որոշումներ են կայացվել: Ստեղծվել է միացյալ զորախմբավորման շտաբ: Նրանց կողմից գործընթացը դեռևս ընթացքի մեջ է: Եթե դիտարկենք երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի և Բելառուսի կամ օրինակ` Տաջիկստանի միջև, մենք ամեն հարցով մի քանի քայլ առաջ ենք: Երբեք որևէ լուրջ խոչընդոտ չենք ունեցել: Մի խոսքով, կարևորն այն է, որ ցանկությունն առկա է. համագործակցությունն ընթանում է բնական հունով: Կցանկանայի, որ ավելի արդյունավետ լիներ: - Այնուամենայնիվ, հասարակության մեջ կարծիք է ձևավորվել, թե պատերազմական իրավիճակում ռուսական զորքը միգուցե կարող է հապաղել, ինչպես եղավ Սումգայիթում… - Նման կարծիքներն անընդունելի են: Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները այսօր կանգնած են այստեղ: Մեծ աշխատանք են տանում ռուս սահմանապահ ները մեր սահմանները անառիկ պահելու գործում: Մեր հասարակությունը դժվարությամբ է ընկալում այս ամենը, բայց սա լուրջ խնդիր է: Այսօր պատերազմը դեռ չի ավարտվել: Այն դադարեցնելու մասին կնքված պայմանագիր չկա: Հենց դրանով էլ պայմանավորված են հակառակորդի կողմից հրադադարի խախտումները: Այսինքն` անհրաժեշտ է համապատասխան քանակի ստորաբաժանումներ ունենալ` հակառակորդի ոտնձգությունները կանխելու և անհրաժեշտության դեպքում հակահարված տալու համար: Այս պատերազմն էլ մի օր կվերջանա ի օգուտ մեզ: Սակայն չպետք է թույլ տալ, որ այն սկսվի, որովհետև ոչինչ չի կարող արդարացնել մարդկային զոհերը: Ռուսական զորքի պատրաստակամության առումով ես կասկածներ չունեմ: Գոյություն ունի հստակ պայմանագիր, որտեղ ամրագրված է, որ մեր ռազմավարական գործընկերը պաշտպանելու է ողջ Հայաստանի տարածքը: Ադրբեջանն ամեն օր վայրահաչում է պատերազմ սկսելու սպառնալիքով: Եթե կարողանային, կվերսկսեին: Որպես զինվորական` կարող եմ հավաստիացնել, որ մենք Ադրբեջանի սպառնալիք ներից վախենալու պատճառ չունենք: Հարկ եղած դեպքում անպայման կհաղթենք, որովհետև գիտենք թե´ նրանց, թե´ մեր հնարավորությունները, գիտենք, թե ինչի են ունակ նրանք և ինչի են ունակ մեր զինվորները: Մենք բոլորս զինվոր ենք և պատրաստ ենք հակահարված տալ ցանկացած ոտնձգության: Վստահաբար ասում եմ, որ հակառակորդը ոչինչ չի կարող անել: Իզուր են իրենց ժողովրդին պատերազմի հրահրում: Թե´ Ալիևը և թե´ նրա շրջապատը քաղաքական խնդիրներ ունեն: Մեր Զինված ուժերը միանշանակորեն կատարում են և կատարելու են հայրենքի պաշտպանության նվիրական գործը: - Դուք ժամանակին հետամուտ էիք, որ մամուլում և մասնավորապես մեր թերթում հաճախակի տեղ գտնեին «Սպայի պատիվն» ամբողջացնող հրապարակումներ: Ժամանակի ընթացքում ի՞նչ նոր որակներ են ավելացել այդ սպայի պատիվը բնութագրող առաքինություններին: - Նոր որակներ, իհարկե, ավելացել են: Ամենակարևորը, սակայն, այն է, որ մեր բանակում սպաները միմյանց ողջունում են «Պատիվ ունեմ» խոսքերով: Այս խոսքերն ամեն մարդ չի կարող և իրավունք էլ չունի արտաբերել: Նա պետք է պատրաստ ու արժանի լինի դրան, որպեսզի կարողանա արտասանել այն: Այլ կերպ հնարավոր չէ: Ես զրուցել եմ շատ սպաների հետ և համոզվել դրանում: Սպայի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում են: Թե´ Հանրապետության նախագահը, թե´ նախարարության ղեկավարությունը հետամուտ են, որ սպայի հոգսերը հնարավորինս նվազեն: - Մեր պաշտպանական կառույցը որդեգրել է բաց աշխատաոճ և մեծ նշանակություն է տալիս հանրային իրազեկման անհրաժեշտությանը: Ինչպե՞ս կգնահատեք լրատվամիջոցների գործունեությունը: Արդյո՞ք դրանք որևէ կերպ կարողանում են նպաստել բանակի կայունացմանը: - Մեր մամուլը պետք է լինի հայամետ, հայկական, ազգային մամուլ: Լինի բանակի կողքին: Սպայի աշխատանքը չափազանց լարված, դժվար և պատասխանատու ծառայություն է: Նրանց կեսից ավելին մարտական հենակետերում են: Այդ մթնոլորտում մարդու հոգեբանության վրա ներազդելը պարզապես անընդունելի է: Տպավորությունն այնպիսին է, որ մամուլը գրում է ոչ թե ճշմարտությունը, այլ այն, ինչ իրեն պետք է: Մեր ժողովուրդը միշտ եղել է բանակի կողքին, հատկապես պատերազմի ժամանակ: Նույնը կարող եմ ասել նաև լրագրողների մասին: Բայց այսօր անխնա չարախոսում են սպաների և գեներալների հասցեին: Տգեղ երևույթ է: Անկախ նրանից, թե լրատվամիջոցն ընդդիմադիր կամ այլ հայացքներ ունի, չպետք է պախարակի իր զինվորականին: Ընդհակառակը, յուրաքանչյուր թերթում պետք է էջ լինի, որտեղ կներկայացվեն, կգնահատվեն իսկապես արժանի զինծառայողները: Ամեն օր նրանք հերոսություններ են անում, հավատացե´ք: Ամեն օր ու ժամ: Իհարկե, թերություններ ևս կան, որոնց շտկման ուղղությամբ աշխատանքներ են տանում նույն սպաներն ու գեներալները: Մամուլը պիտի փոխի իր վերաբերմունքը, կանգնի բանակի կողքին, հետաքրքրվի, թե ինչով կարող է օգնել: Մի բուռ հայություն ենք, միմյանց դեմ դավեր նյութելը լավ բանի չի հանգեցնի: - Որպես հմուտ հրամանատար, կադրային սպա ինչպե՞ս կբնութագրեք հայ զինվորին: - Շատ գեղեցիկ հարց տվեցիք: Հայ զինվորից հմուտ, խելացի, համբերատար, ճարպիկ, խելամիտ մարտիկ աշխարհում չկա: Այս շարքը կարող եմ լրացնել բոլոր դրական բառերով: Միայն մի բան է պետք: Հրամանատարը պետք է հավատա իր զինվորին, ճանաչի, սովորեցնի, ապահովի, ապա պահանջի: «Մարտական խաչ» I աստիճանի միակ շքանշանակիր իմ բրիգադի զինվորները ոչնչով չէին զիջում մեր փառապանծ ֆիդայիններին: Եթե հրամանատարները ճանաչեն զինվորներին, իմանան նրանց ունակությունները, ապա նույնիսկ հակառակորդի` մի քանի անգամ լավ պատրաստված զորքը չի կարող հաղթել մեր տղաներին: Տարբերությունը շատ մեծ է. իմ փորձից եմ ասում: Ծառայել եմ Խորհրդային բանակում, որտեղ ադրբեջանցի զինվորներ էլ կային և ոչնչով աչքի չէին ընկնում: Իհարկե, թշնամուն չի կարելի թերագնահատել: Նրանց մեջ էլ միգուցե կան խիզախներ, բայց հայ զինվորին հավասարվել չեն կարող: Մեր զինվորն ունակ է մեկ ամսում իրականացնել այնպիսի խնդիրներ, որոնք մյուսներին հաջողվում է միայն մի քանի ամսվա ընթացքում: Շատ կարճ ժամանակահատվածում ունակ է տիրապետել յուրաքանչյուր զենքին և կիրառել այն: Համաշխարհային մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցում էին Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և նախկին Սովետական Միության պետությունների զինծառայողները: Մասնակցում էին նաև մեր զինվորները: Պատրաստել էի նրանց ընդամենը 1 ամսում: Միայն տեսնեիք, թե ինչպե˜ս անցավ մեր վաշտը: Իմ գնահատմամբ մեր տղաներից լավ քայլեցին միայն Ռուսաստանի պատվո պահակային վաշտի տղաները: Դրա վառ օրինակն է նաև Հայաստանի Հանրապետության 20-րդ տարելիցին նվիրված զորահանդեսը, որտեղ ամբողջ աշխարհին ցույց տրվեց մեր բանակի հզորությունն ու պատրաստականութ յունը: Միանշանակ մեր զինվորն իր ունակություններով տարբերվում է. արագ ըմբռնում և կողմնորոշվում է ցանկացած իրավիճակում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ