ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ՀԱՄԱՀՈՒՆՉ


Բանակի ամենակարևոր գործառույթներից է առողջապահությունը

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է հինգ ամիս առաջ, արդեն ունի իր ինտերնետային կայքը (amda.am), հրապարակել է իր եռալեզու` «Զինվորական բժիշկ» ամսագրի առաջին համարը: Այս առնչությամբ` զրուցեցինք «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» տեղեկատվության համակարգող Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

- Բանակին սատարող, բանակի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների պակաս կարծես թե չունեինք: Սակայն նորաստեղծ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» անշուշտ ունի գործունեության հստակ ծրագիր և լուծելու է որոշակի խնդիրներ:

- Նախ, հասարակական կազմակերպությունների առատությունը միշտ չէ, որ խոսում է դրանց գործունեության արդյունավետության մասին: Բանակը հասարակության առջև թափանցիկ դարձնելու, զորքերում հասարակական վերահսկողություն ապահովելու` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությունը խթանեց հասարակական կազմակերպությունների գործունեությունը և դրանց ակտիվ ներկայությունը բանակաշինության գործընթացում: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա»-ն տարբերվում է մյուս հկ-ներից` իր մասնագիտական ուղղվածությամբ և մարդկային ռեսուրսով: Այն միտված է ռազմական բժշկության զարգացմանը և այդ գործում համախմբում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական բժիշկների ջանքերը: Կազմակերպության նախագահը Ռուզաննա Խաչատրյանն է: Երևի գիտեք` Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը: Ռ. Խաչատրյանը բժշկական գիտությունների թեկնածու է. հետբուհական կրթությունը շարունակել է Ֆրանսիայում: Ռազմաբժշկական ոլորտի երկար տարիների բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում` նրա թեկնածուական ատենախոսությունը վերաբերել է ռազմական բժշկության խնդիրներին:

Կազմակերպությունը ստեղծվել է բացառապես ռազմական բժշկության զարգացումը խթանելու, զինվորական բժշկին աջակցելու, ռազմական առողջապահության առաջընթացին սատարելու համար: Կազմակերպության խորհրդի կազմը համալրել են հանրապետության լավագույն քաղաքացիական և զինվորական բժիշկ մասնագետնե րը: Այսօր ասոցիացիան ունի 500 անդամ և պատրաստ է իր կազմն ընդլայնել ինչպես պաշտպանության համակարգի, անպես էլ մյուս ուժային կառույցների ու քաղաքացիական բուժհիմնարկների բժիշկներով, ովքեր ցանկություն ունեն մասնակցել ռազմական բժշկության կատարելագործման աշխատանքներին:

Առողջապահությունը բանակի կարևորագույն գործառույթներից մեկն է, որովհետև մարտունակ բանակ ունենալու առաջին նախապայմանը զինվորի և սպայի առողջությունն է: Միևնույն ժամանակ, զինվորի առողջական վիճակը, հիվանդությունների կանխարգելումն ու բարձր մակարդակի բուժօգնության ապահովումը էականորեն պայմանավորում են հասարակության (ծնողի) վերաբերմունքը բանակի հանդեպ: Ուստի պետք է անել հնարավորը, որպեսզի բանակի բուժծառայությունը զարգանա համաշխարհային բժշկության տեմպերին համահունչ, ինտեգրվի միջազգային լավագույն փորձին, բարձրացնի զինվորական բժիշկների մասնագիտական պատրաստվածությունը, խթանի ռազմաբժշկագիտական մտքի վերելքը, իրականացնի սոցիալական ծրագրեր և այլն: Ահա, այս խնդիրների լուծմանն է աջակցելու մեր հկ-ն: Այն հնարավորություն կտա զինվորական բժիշկներին քննարկելու իրենց հուզող խնդիրները, գտնելու լուծման արդյունավետ եղանակներ, ներկայացնելու իրենց մտահղացումները, ի վերջո, բանակից դուրս գտնելու մի ամբիոն, որը հնարավորություն կտա լայն շփումների ու համագործակցության:

- Հասարակական կազմակերպությունն ունի իր կայքը (amda.am) և հրապարակել է իր ամսագրի («Զինվորական բժիշկ») առաջին համարը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք հիմնադիրներին և խմբագրակազմին: Կազմակերպությունն իր լրատվամիջոցներով սեփական գործունեության մասի՞ն է իրազեկում հանրությանը:

- Ոչ: Եթե ծանոթ եք կայքին, ապա պիտի իմանաք, որ կայքի բազմաթիվ (մոտ 20) խորագրերից միայն մեկն է վերաբերում ասոցիացիայի գործունեությանը. մնացած խորագրերը ներկայացնում են բանակի ռազմական բժշկության անցած ճանապարհը (սկսած Արցախյան պատերազմից), արդի խնդիրները, ձեռքբերումները: Անդրադառ նում են զինվորական բժիշկների գործունեությանը, պատմում են ինչպես առաջնագծում ծառայող զինվորական բժիշկների ու զորամասային օղակի բժշկության, այնպես էլ բանակի հոսպիտալների մասին: Կայքը ներկայացնում է միջազգային ռազմական բժշկության նվաճումները, կայքում տեղ են գտնում զինվորական բժիշկների հանրամատչելի խորհուրդներն ընթերցողներին և այլն: Կայքում զետեղել ենք մեր էլեկտրոնային փոստի հասցեն` ընթերցողի հետ անմիջական կապ պահպանելու համար: Ասոցիացիայի խորհրդի անդամները հնարավորություն կունենան բարձրացված հարցերն (դիմումները, բողոքները, առաջարկությունները) անմիջականորեն ներկայացնելու բանակի ղեկավարությանը` ակնկալելով հրատապ լուծումներ: Մենք պիտի ոգևորենք այն զինվորական բժիշկներին, ովքեր, հիրավի, տիտանական աշխատանք են կատարում: Անտարբերությունը, բարոյական, հոգեբանական խթանների բացակայությունը կարող է կոտրել ամենանվիրյալ ու հայրենասեր մարդու եռանդը:

- Իսկ ի՞նչ կասեք ամսա-գրի մասին:

- Կայքը թարմացվում է ամեն օր: Եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ամսագիրը հրապարակում է ռազմական բժշկության հիմնարար խնդիրների մասին պատմող նյութեր, շոշափում է ավելի գլոբալ հարցեր: Մեր ամսագրի առաջին համարի հրապարակումը «Ռազմական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովից օրեր առաջ էր, և դրա անդրանիկ համարը նվիրեցինք ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Բելառուսից ժամանած ռազմական բժիշկներին` նրանց հնարավորություն տալով ընդհանուր պատկերացում կազմել մեր բանակի ռազմական բժշկության անցած ճանապարհի և արդի հիմնախնդիրների մասին:

- Ինչպե՞ս անցավ գիտաժողովը և ի՞նչ արդյունքներ ունեցավ:

- «Ռազմական բժշկության արդի հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովն իր ընդգրկումով եզակի էր բանակի պատմության մեջ: Այն կազմակերպվել էր «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի», ՀՀ պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության և Երևանի պետական բժշկական համալսարանի համատեղ ջանքերով: Գիտաժողովին մասնակցում էին մի շարք երկրների ռազմական բժշկության լավագույն ներկայացուցիչներ, որոնց կարդացած զեկույցները, իրոք, շատ ուսանելի էին ու շահեկան մեր զինվորական բժիշկների համար: Միջոցառումը հրաշալի էր կազմակերպված, միջազգային ամենաբարձր չափանիշներով: Գիտաժողովի շրջանակներում ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպեցին ցուցադրական զորավարժություն: Մի խոսքով, մեր արտերկրյա հյուրերը հեռացան գեղեցիկ տպավորություններով, և, որ ամենակարևորն է` համագործակցությունը շարունակելու ցանկությամբ: Նրանք ցավում էին, որ չեն կարող ևս մի քանի օր մնալ Հայաստանում ու գործնականորեն օգնել մեր հիվանդ զինվորներին, կատարել բուժզննումներ, վիրահատություններ: Մենք համարում ենք, որ գիտաժողովը ծառայել է իր նպատակին:

- Հաջողություն ենք մաղթում «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիայի» բոլոր հայրենաշեն ձեռնարկումներին:

Մերի ՂԱԶԱՐՅԱՆ