Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՆՍԸ


 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտահղացած Եվրասիական միության շուրջ առայժմ ԱՊՀ մի քանի պետություններ միայն բանակցություններ են վարում, և այն դեռևս կայացած իրողություն չէ: Իսկ աշնանը նախատեսվում է Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման մասին համաձայնագրի ստորագրում: Եվրասիակա՞ն, թե՞ Եվրոպական միություն. այս երկուսից մեկն ընտրելու հարցում մեզանում արդեն, կարծես, բանավեճ է սկսվում: Երկու ճանապարհներից ո՞րն է նախընտրելի Հայաստանի համար: Այս մասին է զրույցը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

Այսօր Հայաստանը կարծես կանգնած է երկընտրանքի առջև` Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն: Ի՞նչ կարող է տալ մեր երկրին` դրանցից որևէ մեկին անդամակցելը: Այս հարցը դեռևս ընդամենը խոսակցությունների մակարդակում է, սակայն այսօր մեզանում արդեն Եվրասիական միության կողմնակիցներ կան:

- Ամերիկյան քաղաքական նախագծող, հայկական արմատներով լեհ հանրահայտ Զբիգնև Բժեզինսկին իր աշխատություններից մեկում գրել է, որ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ տարածքը շատ կարևոր է ապագա աշխարհակարգի ձևավորման առումով, և այն պետք է լինի Միացյալ Նահանգների վերահսկողության տակ: Վերջերս ՌԴ Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Երևանում ասաց` Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ մենք պետք է ձևավորենք միասնական տնտեսական տարածք: Ակնհայտ է, որ սա ասվում է ի հակակշիռ Բժեզինսկու նախագծածի: Բնականաբար, վաղը-մյուս օրը Եվրասիական միությունը փորձելու է իր ազդեցությունն ուժեղացնել հենց Եվրամիության վրա: Փաստ է, որ Հայաստանը հայտարարել է և կոնկրետ քայլեր է իրականացնում Եվրամիությանն ինտեգրման առումով: Ե´վ Եվրամիությունը, և´ Հայաստանը նշում են, որ վերոնշյալի շուրջ բանակցություններն արդյունավետ են իրականացվում: Եվրամիության հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվելը ենթադրում է երկրում բավարար չափով ժողովրդավարական համակարգի առկայություն: Այսօր Հայաստանում կան որոշակի ժողովրդավարության տարրեր, և այդ մակարդակը բավարար է` ԵՄ ազատ առևտրի գոտու մաս դառնալու, ԵՄ մուտքի վիզաների տրամադրումը հեշտացնելու համար: Եվրամիությունը կայացած միավոր է, ունի իր փիլիսոփայությունը, հիմնված է ժողովրդավա րության վրա: Մենք հասկանում ենք` ո՞ւր ենք գնում, և ի՞նչ օգուտներ կարող է դա մեզ բերել: Հասկանում ենք, որ եվրաինտեգրումը նշանակում է ժամանակակից աշխարհի մաս լինել: Իսկ Եվրասիական միությունը դեռևս գաղափար է, չկա հստակեցում: Եվրասիական միությունը կոնկրետ երկրի կոնկրետ իշխանությունների մտահղացումն ու ցանկությունն է, որի հիմքը նոր շնչով ԽՍՀՄ մանրակերտի ստեղծումն է:

Քաղաքական շրջանակներում ասվում է, որ Պուտինը տառապում է ԽՍՀՄ կարոտախտով:

Այո, դա ինչ-որ տեղ նաև դրա հետևանքն է: Պետք է նշել, որ Եվրասիական միության ստեղծման գաղափարը մշակում էին ռուս որոշ տեսաբաններ, ովքեր իրենց կոչում են եվրասիականներ. օրինակ` Ալեքսանդր Լուկինը: Դեռ պարզ չէ` Եվրասիական միության գաղափարախոսությունն ի՞նչ արժեքային համակարգի վրա է խարսխված, բայց գիտենք, որ այնտեղ կարևորվում է եվրասիականության բացառիկությունը և ասվում է, թե ինչ-որ տեղ այն ավելին է, քան մնացածը:

- Իսկ ի՞նչ կարող է շահել կամ կորցնել Հայաստանը` այդ նոր ձևավորվող միությանը անդամակցելու կամ չանդամակցելու դեպքում :

- Այս նախագծի հիմքը Ռուսաստանի բացառիկությունը շեշտելն է: Դա հիերարխիկ հասարակության մոդելն է և ընդհանուր առմամբ նոր աշխարհաքաղաքական նոր բևեռի ստեղծումն է, որը հակադիր է լինելու արևմտյան աշխարհին: Այս հանգամանքները հաշվի առնելով, մենք պետք է խորը կասկածով վերաբերվենք այս միությանը և նրան Հայաստանի անդամակցությանը: Ասենք, որ անդամագրվելով, Հայաստանն է´լ ավելի կկորցնի իր սուվերենությունը և է´լ ավելի կհեռանա արևմտյան ժամանակակից քաղաքակրթությունից: Առավել ևս, այսօր դեռևս պարզ չէ Եվրասիական միության կառուցվածքը, հաշվարկված չեն նրան անդամակցելու օգուտները:

Հայաստանի անդամակցության կողմնակիցները պնդում են, որ Եվրասիական միությանը անդամակցելով, Հայաստանը կլուծի իր ֆիզիկական անվտանգության խնդիրը:

- Դրա համար կա ՀԱՊԿ-ն, որի անդամ է Հայաստանը: Հայաստանն այսօր չի էլ կարող անվտանգության այլ համակարգի անդամագրվել: Կրկնեմ` Եվրասիական միության նախագիծը Ռուսաստանի դիրքերի ամրապնդման նպատակ ունի: Եթե ցանկանում ենք մասնակցել այդ ամրապնդմանն ինչ-ինչ շահաբաժիններ ունենալու համար, բայց կոցնելով մեր սուվերենությունը և խոչընդոտելով քաղաքակիրթ աշխարհին մեր մաս կազմելը` այս առումով գուցե ընդունելի լինի: Բայց արդյո՞ք, մենք նման քայլ կատարելու իրավունք ունենք: Ի՞նչ ենք պատասխանելու սերունդներին:

Պաշտոնական տեղեկատվությունը ոչինչ չասաց, թե Պուտին-Սարգսյան հանդիպման ընթացքում խոսվե՞լ է այս միությանը Հայաստանի անդամակցության մասին: Սակայն Պուտինը, ոտնահարելով դիվանագիտական կոռեկտության սահմանները, խոսեց ՌԴ-ում գտնվող հայերից Հայաստան ուղարկվող տարեկան 1մլրդ դոլարի մասին: Սա իհարկե, վատ քողարկված ճնշում էր: Արդյո՞ք մեր իշխանություններն այդ ճնշումը դիմագրավելու միջոց ունեն:

- Դիմագրավելու առումով ներքին ռեսուրս չունենք, բայց կա Եվրամիությանը Հայաստանի ինտեգրման գործընթացներում ներգրավվածության հանգամանքը: Այս պարագայում Ռուսաստանի ճնշումները զսպող կարող է լինել Արևմուտքը:

- Այս իմաստով պատմական տխուր փորձ ունենք. ժամանակին դարձյալ հույսներս դրել էինք Արևմուտքի վրա, բայց հետո նրանք ասացին` կներեք, բայց մեր նավերը չեն կարող բարձրանալ ձեր լեռները:

- Չեմ կարծում, որ կարող է գործը հասնել նրան, ինչ կատարվել է անցյալում: Բայց մենք պետք է կարողանանք համապատասխանեցնել մեր և Արևմուտքի շահերը: Նշենք նաև, որ Վրաստանը և Ադրբեջանը հրաժարվում են անդամակցել Եվրասիական միությանը: Այսինքն, Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ հենարանը մնում է միայն Հայաստանը, ինչից էլ վերջինս կարող է օգտվել` որոշակի պահանջներ առաջադրելով Մոսկվային:

Այսինքն, սա ինչ-որ առումով Հայաստանի համար նաև շանս կարող է հանդիսանալ իր դիրքերի ամրապնդման համար:

Այո:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ